Սոցիալական կրեդիտներից գումար կհատկացվի լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին՝ քաղաքացիների ընտրությամբ

ՀՀ կառավարությունը նախապատրաստում է նոր բարեփոխում, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ուղիղ ֆինանսավորում տրամադրել լրատվամիջոցներին, կուսակցություններին և ՀԿ-ներին։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի՝ բարեփոխումը կգործի համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում։ Յուրաքանչյուր հայտարարագրող քաղաքացի կկարողանա իր սոցիալական կրեդիտներից որոշակի գումար փոխանցել իր նախընտրած լրատվամիջոցին կամ կուսակցությանը։

Վարչապետը պարզաբանել է, որ խոսքը ընդհանուր առմամբ շուրջ 70 միլիարդ դրամի մասին է, որը ձևավորվում է սոցիալական կրեդիտներից։

«Իրենց սոցիալական կրեդիտներից, որոշակի սահմանափակումներով, իհարկե, մարդիկ հնարավորություն կունենան ֆինանսավորել կուսակցություններին, լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին: Ռեեստր է լինելու: Այսինքն՝ մարդը, երբ որ համընդհանուր հայտարարագիրը լրացնի, սոցիալական կրեդիտները ստանալու փուլում ինքը կարող է ընտրել: Կա առաջարկ, որ 1000 դրամ լինի սկզբնական շրջանում, որովհետև շատ մեծ թվով մարդկանց մասին է խոսքը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս քայլով կառավարությունը նպատակ ունի ապահովել հասարակական և քաղաքական ինստիտուտների ֆինանսական անկախությունը։

«Հույս ունեմ, որ այսպիսով մենք կկարողանանք հասնել նրան, որ Հայաստանում և՛ հասարակական կազմակերպությունները, և՛ լրատվամիջոցները, և՛ կուսակցությունները հասնեն անկախության մաքսիմալ աստիճանի»,- նշել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ եթե տեխնիկական խնդիրներ չառաջանանան, ապա  համակարգը կգործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։

Անի Թամրազյան

Leave a comment