Վերաքննիչ դատարանում Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստի ավարտից հետո դատարանը հեռացավ առանձին սենյակ որոշում կայացնելու։
Սակայն չհայտարարվեց որոշման հրապարակման ժամը։
Դատական նիստերի դահլիճում լրագրողները Միքայել սրբազանից հետաքրքրվեցին՝ այսօր իր դեմ հարուցված գործի մեկ տարի՞ն է լրանում, սրբազանը պատասխանեց․ «Իմը վաղը չէ մյուս օրն է լրանում, այսօր Բագրատ սրբազանինն է»։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք դատարանից, Միքայել սրբազանը պատասխանեց․ «Ինձ համար լրիվ մեկ է»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ իրավաչա՞փ է դատարանի այն գործելաոճը, երբ չհայտարարվեց որոշման հրապարակման ժամի մասին, Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը պատասխանեց․ «Պրակտիկայում լինում է, երբ դատարանը հեռանում է առանձին սենյակ, չի կարող հստակ ժամանակահատված ասել, թե ինչ ժամանակահատվում որոշում կկայացնի։ Սա արտառոց իրավիճակ չէ, պարզապես քաղաքացիների ընկալման տեսանկյունից անհարմարություն ստեղծեց, երբ դատարանը միանգամից եկավ, առանձին սենյակ հեռանալու վերաբերյալ հայտարարեց և հեռացավ։ Դա իրավաչափ գործընթաց է, և հիմա մենք պետք է սպասենք, որ դատարանը որոշման ժամը նախապես պաշտպանական թիմին տեղեկացնի, ինչի հիմքով մենք Միքայել սրբազանի պաշտպանական թիմ ֆեյսբուքյան էջում հայտարարություն կտարածենք հրապարակման ժամի մասին, հանրությունը կիրազեկվի»։
Փաստաբանն ահազանգեց՝ դատավարական աննախադեպ խախտումներ են գրանցվել, և Վերաքննիչ դատարանը բոլոր հիմքերն ունի վճիռը բեկանելու և Միքայել սրբազանին արդարացնելու։
Միքայել սրբազանի գործով վերջին դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: