Հանրային հեռուստաընկերության եթերում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը, անդրադառնալով Բաքվի կողմից առաջ մղվող այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի և 300 000 ադրբեջանցիների վերադարձի մասին թեզերին, պնդել է՝ ՀՀ իշխանությունը երբևէ չի հակադարձել դրան։
«Դուք կարող եք մեկ օրինակ բերել ինչպես է այս իշխանությունը հակադարձել Բաքվին», — ասել է Մելոյանը։
«Փաստերի ստուգման հարթակը» հայտնաբերել է տասնյակ օրինակներ, երբ իշխանությունը տարբեր տարիներին հակադարձել է Բաքվի թեզերին․ դրանցից մի քանիսն ամփոփել ենք ստորև։
2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը «Փարիզի խաղաղության համաժողովում» իր ելույթի ընթացքում հայտարարել է․ «Ես եկել եմ խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը Հայաստանի Հանրապետության դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։ Եվ այս ամենը կատարվում է՝ չնայած այն բանին, որ մենք, կարծես, մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ խնդիրները լուրջ հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության վերաբերյալ»։
2025 թվականի հունվարի 31-ին իր ասուլիսում Փաշինյանը նշել է․ «Հենց Արևմտյան Ադրբեջան խոսույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որը նշանակում է, որ այդ կազմակերպությունը, ոչ միայն այդ կազմակերպությունը, այլև այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով: Էլի եմ ասում՝ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան, և այս բառապաշարի ներքո ցանկացած թեմա Հայաստանի համար քննարկելի չէ»։
2025 թվականի մայիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը․ «Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. արևմտյան Ադրբեջանն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են»:
2025 թվականի մայիսի 26-ին Փաշինյանը հայտարարել է․ «Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում․․․․»։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2025 թվականի հունիսի 23-ին հայտարարել է․ «․․․«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
2026 թվականի հունիսի 5-ին Փաշինյանը հայտարարել է․ «Բազմիցս հայտարարել են՝ ՀՀ տարածքում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»։
Այսպիսով, ՀՀ իշխանությունը բազմիցս հակադարձել է Բաքվի կողմից առաջ մղվող թեզերին։
300 000 ադրբեջանցիների թեզը՝ «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավի անկյունաքար
Մելոյանն անդրադարձել է վերջերս Նախիջևանում ադրբեջանցիների այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուն նվիրված միջոցառումներին՝ նշելով, թե «300 000 ադրբեջանցիների վերադարձի» թեզն իրենք «չեն հորինել», և որ այն կուսակցության համար «նախընտրական շահարկման առարկա չի եղել»։
Մելոյանը ճիշտ է՝ այդ թեզն իրենց ուժը չի հորինել, դրա հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։ Սակայն, կուսակցությունը կամ քարոզարշավի ընթացքում՝ դաշինքը «Արևմտյան Ադրբեջանի» ու «ադրբեջանցիների վերադարձի» թեման ներկայացրել է ոչ միայն որպես Բաքվի եկող անվտանգության սպառնալիք, այլ նաև որպես կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգ։
Մասնավորապես, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ «Նիկոլ Փաշինյանը Հայաստանում բնակեցնելու է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ ընտրություններում հաղթելու դեպքում»։
Հետևաբար, ճիշտ է, որ Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը և «վերադարձի» օրակարգը, սակայն մանիպուլյատիվ է պնդումը, թե այն ներքաղաքական շահարկման առարկա չի եղել․ հրապարակային հայտարարությունները ցույց են տալիս, որ կուսակցությունը թեման օգտագործել է նաև նախընտրական քաղաքական ուղերձներ ձևավորելու համար՝ այն ներկայացնելով նաև որպես գործող իշխանության ծրագիր։
Ավելի վաղ էլ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էր պնդել, թե Փաշինյանը չի արձագանքել Ալիևի՝ «300 000 ադրբեջանցու վերադարձի պահանջին»: Այդ ժամանակ FIP.am-ն ամփոփել էր Փաշինյանի՝ այդ պահանջին հակադարձող թեզերը ևս։
Մելոյանը նաև անճշտություն է թույլ տվել՝ նշելով, թե Կիրանցում տեղի ունեցած սահմանազատումը պայմանավորված էր նրանով, որ գործող իշխանությունները տարածքը անկլավ էին համարում։
Իրականում, Կիրանց գյուղը խորհրդային վարչատարածքային քարտեզներում ընդգրկված է եղել Հայաստանի կազմում, երբևէ չի ունեցել անկլավի կարգավիճակ, իսկ գյուղի հատվածում սահմանազատման աշխատանքներն իրականացվել են ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա։
Հատկանշական է, որ Մելոյանը նախկինում ևս Կիրանցի վերաբերյալ սխալ պնդում էր արել՝ նշելով, թե գյուղը «հանձնվել է Ադրբեջանին» 2024 թվականին Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացի արդյունքում։
Նանե Մանասյան
The post Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին, Կիրանցն անկլավ չի եղել. պատգամավորի թեկնածուի հարցադրման հետքերով appeared first on FIP.AM.