Խիստ խորհրդանշական է, որ արցախահայության իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման մասին այսօր ավելի բարձր ու հետևողական են խոսում օտարերկրացի գործիչները. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեծ ոգևորությամբ և երախտագիտությամբ եմ հետևել Բաքվում մեր հայրենակիցների պատանդառման 1000-րդ օրվան նվիրված ասուլիսին մասնակցած ԱՄՆ կոնգրեսականների ելույթներին։

Խիստ խորհրդանշական է, որ էթնիկ զտման ենթարկված արցախահայության իրավունքների պաշտպանության, Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության և հայ գերիների անհապաղ ազատ արձակման մասին այսօր ավելի բարձր ու հետևողական են խոսում օտարերկրացի գործիչները։ Մինչդեռ պաշտոնական Երևանը խաղաղության իր օրակարգում անամոթաբար չի ներառում այդ հիմնահարցերը։

Հատկանշական է նաև ԱՄՆ կոնգրեսականներից լսել մեր կողմից մշտապես բարձրաձայնվող այն պնդումը, որ չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ յուրաքանչյուր հայ ռազմագերի և քաղաքական բանտարկյալ ազատ չի արձակվել ադրբեջանական գերությունից ու չի վերադարձել իր ընտանիքի մոտ։

Իմ խորին շնորհակալությունն ու աջակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մոռացության չեն տալիս, որ 21-րդ դարում արդեն ավելի քան 1000 օր է, ինչ առնվազն 19 հայ շարունակում է մնալ ադրբեջանական գերության մեջ՝ ենթարկվելով քաղաքական հաշվեհարդարի, կրելով ծանրագույն պատժաչափեր՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Վստահ եմ՝ յուրաքանչյուր նման ելույթ, յուրաքանչյուր հետևողական քայլ կարող է լսելի դառնալ և բեկումնային դեր ունենալ մեր գերիների ազատ արձակման գործընթացում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment