ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մասնակցելու է Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով։
Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին Օվալաձև աշխատասենյակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ ուրախ է, որ Թուրքիան չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին։
«Էրդողանը հրաշալի առաջնորդ է, շատ ուժեղ անհատականություն և ունի հիանալի զինվորականներ։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում։ Նա հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերը»,- ասել է Թրամփը։
Նա նաև պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված Թուրքիային ինքնաթիռների շարժիչների և F-35 կործանիչների մատակարարման հետ՝ նշելով, որ չի բացառում այդ հնարավորությունը։
«Կարծում եմ՝ այո։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Ոմանք այդպես չեն կարծում, բայց այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո՛, ես հավանաբար կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»,- ասել է Թրամփը։