Մոդի․ Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում

Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետներ վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական։ X-ի իր էջում այս մասին գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։

«Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը: Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրել է Մոդին։

Հնդկաստանի վարչապետը նաև շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքների համար: Հեռախոսազրույցի ժամանակ Մոդին նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության օրերին Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից տարհանմանն աջակցելու համար:

Հիշեցնենք՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։

Sputnik Արմենիա

Leave a comment