ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։
Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։
Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։
Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլյացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։
Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլյացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: