«Նմանատիպ պրոցեսները շարունակվելու են, որովհետեւ Ադրբեջանի պահանջներն իրականություն դարձնելու համար երկրի մեջ պետք է նմանատիպ ռեպրեսիաների ենթարկվի ազգի կեսից շատը»,- ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տանն իրականացված խուզարկությանը եւ ունեցվածքի վրա կալանք դնելուն, ինչպես նաեւ այսօր վաղ առավոտյան, «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի բնակարանում խուզարկություն իրականացնելուն ու նրան ձերբակալելուն։
«Ընտրություններում ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին նմանատիպ բան է սպասվում, որովհետեւ սրանց համար մեկ կամ հարյուր մարդու ձերբակալելը հարցի լուծում չի։
Այն աշխատանքները, ինչ ներկա իշխանություններն իրականացնում են, սեփական ազգին կրկնապատիկ ստորացնելու, նվաստացնելու ճանապարհն է։ Ու սա ողջունվում է միայն թշնամու կողմից։ Ինչ ձերբակալություն այստեղ լինում է, նրանց լրատվամիջոցներն անմիջապես արձագանքում, մեկնաբանում են։ Ու այդ մեկնաբանություններում ողջունում են ներկա իշխանության պահվածքը։
Բայց բռնելով, լռեցնելով, ստիպելով չի ստացվի։ Սա հասկանո՞ւմ եք դուք՝ ձերբակալողներ, նրանց հրահանգներ տվողներ։ Դա ձեզ չի փրկելու պատասխանատվությունից։ Ոչ մեկս, ոչ մի բանից չենք վախենում։ Դուք դա չե՞ք կարողանում հասկանալ։ Մարդիկ կյանք են զոհաբերել սուրբ հող Արցախը պահելու, սահման պահելու, հայ լինելու համար՝ այսօր ձերբակալվելուց, ճնշումից մենք պետք է վախենա՞նք։
Վախեցողը դուք եք ու այդ վախն է ձեզ ստիպում, որ գնաք այսպիսի ճանապարհներով։ Դուք չունեք այլ՝ արժանապատվության գործիք՝ քրիստոնյա լինելը, հայ լինելը։ Եթե այդ արժանապատվության գործիքը կրեիք, ազգի մեջ վերածնունդ կլիներ»,-ասաց Անաստաս Իսրայելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: