Պաշտոնական Երևանը կրավորական կեցվածք է որդեգրել Հայաստանի տարածքների նկատմամբ Բաքվի նկրտումների, իբր «Արևմտյան Ադրբեջանում», այն է՝ Հայաստանում, էթնիկ զտում իրականացնելու մեղադրանքների նկատմամբ։
Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնը, որի ընթացքում հերթական անգամ հնչեցվել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու մշակութային ժառանգությանը վերաբերող վիճահարույց հայտարարություններ։
Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսներում և տաղավարներում ներկայացվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» տարբեր շրջանները։ Տարածված լուսանկարներից և տեսանյութերից երևում է, որ ցուցադրություններում օգտագործվել է Հայաստանի Հանրապետության քարտեզը, որը ներկայացվել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։
Միջոցառման ընթացքում, որն անցկացվում էր այդ երկրի նախագահի հովանու ներքո, ներկայացվել են տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Հայաստանի տարբեր վայրերում արված հին լուսանկարներ՝ փորձելով ապացուցել, թե իրենց ընտանիքները նախկինում բնակվել են այդ տարածքներում։
Փառատոնի ընթացքում ելույթ ունեցած Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավարներն ու Ադրբեջանի պաշտոնյաները կրկին խոսել են այսպես կոչված՝ «վերադարձի իրավունքի» մասին՝ հայտարարելով, որ նման միջոցառումներն ապագայում պետք է անցկացվեն նաև Զանգեզուրում և այլ վայրերում, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։
Ընտրություններից առաջ ու հետո 300 000 ադրբեջանցիների վերադարձի թեզը կեղծ ու մտացածին անվանող ՀՀ իշխանություններից այս միջոցառման վերաբերյալ որևէ արձագանք չկա։
«Փաստինֆոն» փորձեց մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ ԱԳՆ-ից. խնդրել էինք պարզաբանել, թե սա ինչպես է տեղավորվում խաղաղության օրակարգի ներքո։ ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ խնդրի վերաբերյալ ԱԳՆ դիրքորոշումը հնչեցվել է տարբեր առիթներով, այդ թվում՝ նախարարի մակարդակով:
Խնդրեցինք նաև անդրադառնալ ԱՄՆ Կոնգրեսի շենքում Բաքվի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվող «Վերադարձի իրավունք և ինքնորոշում․ երկակի չափանիշներ և ընտրողական մոտեցումներ» խորագրով միջազգային համաժողովին, որին մինչ այս պահը ո՛չ ԱԳՆ-ից, ո՛չ իշխանության որևէ անդամի կողմից նույնպես որևէ մեկնաբանություն չկար, և տպավորություն է, թե հայ իշխանավորները կարծում են, որ եթե խնդիրն անտեսեն, այն ինքնին կվերանա։
ԱԳՆ-ից արձագանքեցին. «Մինչ այդ բազմիցս հայտնել ենք հստակ դիրքորոշումը խնդրի վերաբերյալ: Միջոցառման վերաբերյալ հանրային անդրադարձ լինելու դեպքում կտեղեկացնենք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: