Ալիևը իսլամական աշխարհում ատելության նոր ալիք է սերմանում հայերի դեմ

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը խոսի խաղաղությունից, այնուամենայնիվ պետք է փաստել, որ խաղաղությունը առնվազն երկկողմ գործընթաց է, ու իրական խաղաղությունը հաստատվում է այն ժամանակ, երբ կողմերը դադարեցնում են միմյանց հանդեպ մեղադրանքները, սպառնալիքներն ու պահանջները։ Հակառակ դեպքում դա դառնում է ոչ թե խաղաղություն, այլ կապիտուլյացիայի շարունակություն՝ առանց կրակոցների։

Մինչդեռ Ալիևը ոչ միայն չի դադարեցնում իր մեղադրանքները, այլև մեծացնում դրանց ծավալը։

Այսօր Ալիևը դիմելով Իսլամական համագործակցության անդամ երկրների խորհրդարանների միության 20-րդ նստաշրջանի մասնակիցներին, Հայաստանին մեղադրել է Արցախում ու այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրում» (Սյունիք) մշակության ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Ըստ նրա՝ Հայաստանը ոչնչացրել է ոչ միայն ադրբեջանական, այլև իսլամական մշակությային ժառանգությունը։

Թեպետ նման մեղադրանքներն Ալիևի կողմից նոր չեն, սակայն այս անգամ նա մեծացրել է դրանց «հասցեատերերի» ցանկը, դրանով ատելություն գեներացնելով իսլամ ժողովրդի մոտ՝ հայերի դեմ։

Կյանքը ցույց է տվել, որ Ալիևի ոչ մի մեղադրանք կամ սպառնալիք առ այս պահը անհետևանք չի մնացել, դրանք բոլորը ժամանակի ընթացքում ստացել են գործնական բնույթ։ Ամենևին չպետք է զարմանալ, որ այս մեղադրանքներին հաջորդի նաև փոխհատուցման պահանջ, ինչի մասին ադրբեջանական պաշտոնյաների կողմից ակնարկվում էր 44-օրա պատերազմից անմիջապես հետո։

Անհեթեթություն կլինի կարծելը, որ նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» կարող է կասեցնել Ալիևը պահանջը, որովհետև նույն տրամաբանությամբ պետք է կանխված լինեին նաև մեղադրանքներն ու սպառնալիքները, այնինչ տեսնում ենք, որ դրանք ստանում են որակական նոր բնույթ։

Բացի այդ, կանխելու համար անհրաժեշտ է հակառակ կողմի, տվյալ դեպքում Հայաստանի, իշխանությունների քաղաքական կամքն ու վճռականությունը, ինչը իսպառ բացակայում է Նիկոլ Փաշինյանի մոտ։

Բազմիցս ենք խոսել Նիկոլ Փաշինյանի պատասխան քայլերից, բայց ամենադիպուկը բնորոշում է «ծառայողական սիրավեպ» ֆիլմը, որտեղ Սամոխվալովը դիմելով Նավոսելցևին ասում է. «Թեպետ դու ինձ ապտակեցիր, բայց արժանիորեն»։

Ահա հենց այդ տրամաբանությամբ է Նիկոլ Փաշինյանը պատասխանում Ալիևին ու որպես գործնական քայլ, ձերբակալում ու կալանավորում է բոլոր նրանց, որոնք ըմբոստանում են նման ստորաքարշության ու անարժանապատվության դեմ։

Կարեն Կարապետյան

Leave a comment