Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ընկերությանը հանձնարարել է մշակել կանխատեսումների շուկայի հավելված, որը նման կլինի Polymarket և Kalshi հարթակներին։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ ընկերության ներսում նախագիծը ստացել է Arena աշխատանքային անվանումը։ Ըստ մտահղացման՝ նոր հարթակը լիովին անկախ կլինի Meta-ի մյուս պրոդուկտներից, այդ թվում՝ Facebook-ից, Instagram-ից, WhatsApp-ից և Facebook Messenger-ից։
Աղբյուրները նշել են, որ նոր հարթակում խաղադրույքները չեն իրականացվելու իրական փողերով։ Դրա փոխարեն նախատեսվում է օգտագործել միավորների համակարգ՝ որոշ տեսախաղերի օրինակով։ Միաժամանակ Meta-ն չի բացառում, որ ապագայում կարող է ավելացվել նաև իրական գումարով կանխատեսումների գործառույթ։
Կանխատեսումների շուկաները հարթակներ են, որտեղ օգտատերերը խաղադրույք են անում սպորտային, քաղաքական և այլ իրադարձությունների ելքի վրա՝ գնելով «այո» կամ «ոչ» թոքեններ։ Թոքենի շուկայական գինն արտացոլում է հավանականության հավաքական գնահատականը. օրինակ՝ 0.20 դոլարը նշանակում է իրադարձության իրականացման 20% հավանականություն։ Հաղթող թոքենները բերում են 1 դոլար՝ յուրաքանչյուրի դիմաց, իսկ պարտվողները զրոյացվում են։ Մինչ արդյունքի հայտնի դառնալը թոքեններով կարելի է առևտուր անել հարթակի ներսում բորսայի նման։
Աղբյուրների տվյալներով՝ ընկերությունը մտադիր է հարթակը առաջ մղել նախևառաջ իրեն պատկանող սոցիալական ցանցերի հսկայական լսարանի միջոցով։
Meta-ի ինսայդերները NYT-ին հայտնել են, որ Arena հավելվածը դեռ մշակման փուլում է և կարող է ընդհանրապես չթողարկվել։ Meta-ն հրաժարվել է մեկնաբանել NYT-ի հարցումը։
Ինչպես հիշեցնում է NYT-ն, սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը փորձարկում է կանխատեսումների շուկաների ձևաչափը։ 2020 թվականին Meta-ն թողարկել էր Forecast հավելվածը, որը հիմնված էր քրաուդսորսինգի վրա։ Այն օգտատերերին առաջարկում էր կանխատեսումներ անել կորոնավիրուսի համավարակի առաջին օրերին։ Հավելվածը ներկայացվում էր որպես քրաուդսորսինգի միջոցով հավաքված տվյալների փոխանակման հարթակ և նույնպես օգտագործում էր միավորների համակարգ։ Ընկերությունը այն փակել է 2022 թվականին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։