Հայաստանի եւ Ուզբեկստանի միջեւ համաձայնագիր կստորագրվի
Հայաստանի եւ Ուզբեկստանի կառավարությունների միջեւ «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիր կկնքվի։ Նախագիծն ընդգրկված է Գործադիր մարմնի վաղվա նիստում։
Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության միջև կանոնակարգված չէ ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների բնագավառը, ինչը խոչընդոտում է երկու երկրների միջեւ փոխադրումների իրականացմանն ու տնտեսական համագործակցությանը:
Հայաստանի եւ Ուզբեկստանի կառավարության միջեւ համաձայնագրի կնքմամբ ակնկալվում է, որ կկարգավորվեն երկու երկրների միջեւ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման գործընթացը, կխթանվի ապրանքների, ծառայությունների եւ մարդկանց ավելի սահուն տեղաշարժը ողջ տարածաշրջանում։ Հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրներն էլ չունեն ելք դեպի ծով, տրանսպորտային կապերի բարելավումը կօգնի մեղմել լոգիստիկ մարտահրավերները եւ նվազեցնել տրանսպորտային ծախսերը։ Ակնկալվում է, որ կամրապնդվի տարածաշրջանային համագործակցությունը՝ խթանելով քաղաքական և տնտեսական կապերը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի միջև։ Բացի այդ, Հայաստանի համար դեպի Կենտրոնական Ասիա ավելի ամուր ուղիների ստեղծումը կարող է ծառայել որպես այլընտրանքային առևտրային միջանցք՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական ուղիներից և բարձրացնելով նրա տնտեսական ճկունությունը։
Ըստ կառավարության հիմնավորման` Համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին եւ կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի եւ տնտեսական համագործակցության խորացմանը։