«Հայկական հողը հրաբխային է, հարուստ է բոլոր միկրոէլեմենտներով, որոնք կան Մենդելեևի աղյուսակում։ Օրինակ, երբ ես պղպեղ եմ ընտրում, անպայման հետաքրքրվում եմ՝ այն հայկական է, որովհետև տարբեր տարածաշրջաններում աճեցվող նույն սորտերը արտաքուստ նման են, բայց տարբեր որակ ունեն։ Հայկական պղպեղն ավելի կծու է և ավելի լավ որակ ունի»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ հեռուստակամրջի ժամանակ նշեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։ Նրա ձևակերպմամբ՝ հայկական մթերքը բարձր որակի է, սակայն պահանջվում է ավելի խիստ վերահսկողություն։ Օնիշչենկոն կարծիք է հայտնել, որ Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի գյուղացիներից և մեծածախ վաճառողներից ստացված արտադրանքը։
Դառնալով «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի՝ նախկինում մատնանշած այն դիտարկմանը, որը վերաբերում էր Հայաստանում համակարգված պետական վերահսկողության բացակայությանը թե՛ մասնավոր ֆերմերային տնտեսություններում, թե՛ մեծածախ ընկերություններում, որոնք բերքը գնում են հետագայում Ռուսաստան արտահանելու նպատակով, Գենադի Օնիշչենկոն նշեց. «Դա Դանկվերտի հիմնական փաստարկն էր։ Ինքս փաստական նյութերին չեմ տիրապետում, քանի որ դրանք չեն հրապարակվում։ Սակայն պետք է համաձայնեմ, որ համակարգված վերահսկողության բացակայությունն իսկապես կարող է ինչ-ինչ հարցեր առաջացնել»։
Գենադի Օնիշչենկոն նաև հավելել է, որ ամեն դեպքում խնդիրը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, որտեղ գործում է տեխնիկական կարգավորման կոլեգիա։ Ակադեմիկոսի խոսքով՝ Հայաստանում միշտ լավ է կազմակերպված եղել սանիտարական ծառայությունը։ «Ես դեռ խորհրդային ժամանակներից հիշում եմ բոլոր գլխավոր սանիտարական բժիշկներին։ Հիմա այդ գերատեսչությունը, գուցե, այլ կերպ է կոչվում, բայց վստահ եմ, որ անհրաժեշտ մասնագիտական կարողությունները պահպանվել են»,- նշել է նա։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: