«Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին». infocom

Նախորդ երեք տարիների ընթացքում կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների մաքսային արտոնություններ է շնորհել՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։ Նույն ժամանակահատվածում այս ընկերությունների սեփականատերերը կամ նրանց փոխկապակցված անձինք միասին շուրջ 110 մլն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (ՔՊ), այնպես էլ ՔՊ նախկին պատգամավոր Լենա Նազարյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» հիմնադրամին։ Ովքե՞ր են այս գործարարները, մաքսատուրքի որքա՞ն արտոնություններ են ստացել և ինչքա՞ն գումար են նվիրաբերել։

Երկու խոշոր գործարար շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը

2015 թվականից սկսած՝ Կառավարությունը պարբերաբար խրախուսում է որոշակի ոլորտներում ներդրումներ կատարող ընկերություններին՝ նրանց ազատելով մաքսատուրքի վճարներից։ Այդ արտոնությունից օգտվելու համար գերակա ոլորտներ են սահմանվել՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, տրանսպորտը, տեխնոլոգիաները և կապը, զբոսաշրջությունը, էներգետիկան, առողջապահությունը և 2024-ից նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը։ Ընկերությունները կարող են դիմել արտոնություն ստանալու համար, եթե ներկրվող հումքը կամ այլ պարագաները նախատեսում են օգտագործել միայն Հայաստանում։ Կառավարությունը 2023-2025 թվականների ընթացքում 214 անգամ մաքսատուրքերից ազատման արտոնություն է տրամադրել 202 ընկերությունների։ Դիտարկված ժամանակահատվածում ընկերությունները կառավարությունից ստացել են ավելի քան 149 մլրդ դրամի չափով մաքսատուրքից ազատման արտոնություններ՝ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։

Արտոնություն ստացած մեծ թվով ընկերությունների սեփականատերերն են Հայաստանում հայտնի բիզնեսմեններ, նախկին պաշտոնյաներ, քաղաքական պաշտոն զբաղեցնող և վերջիններիս փոխկապակցված անձինք։ 2023-2025 թվականներին ստացած արտոնությունների քանակով և գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանին և Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները՝ համապատասխանաբար 25.5 մլրդ դրամ և 27.2 մլրդ դրամի մաքսային արտոնություններով, ինչը 3 տարում տրամադրված բոլոր արտոնությունների 35.4%-ն է։

Սամվել Ալեքսանյանի որդուն՝ Գագիկ Ալեքսանյանին, պատկանող «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունը 2025-ի դեկտեմբերին կառավարությունից 23,8 մլրդ դրամի արտոնություն է ստացել՝ 31,1 մլրդ դրամի հումքի ներմուծման համար, որը նախատեսվում է օգտագործել շաքարի արտադրությունում։ Սա ամենախոշոր մաքսային արտոնությունն է, որ վերջին երեք տարում կառավարությունը որևէ ընկերության շնորհել է։ Ալեքսանյանը տարիներ ի վեր Հայաստանում շաքարի եթե ոչ միակ, ապա ամենախոշոր ներմուծողն է։ Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում Ալեքսանյաններին պատկանող 7 ընկերություն 8 անգամ ստացել է մաքսային արտոնություն։

Արտոնությունների չափը միասին կազմել է շուրջ 26 մլրդ դրամ` տրամադրված բոլոր արտոնությունների 17.15%-ը։ Հայտնի գործարարը արտոնություններ է ստացել ամենատարբեր ոլորտներում ներդումներ կատարելու համար, այդ թվում՝ վարդերի աճեցման, հագուստի, ծխախոտի, պարկերի, տոպրակների և մետաղական արկղերի արտադրության համար։

Այս ընկերություններից չորսը ընդգրկված են Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում։ Թեև արտոնություն ստացած այս ընկերություններից որևէ մեկը նվիրատվություն չի կատարել, սակայն Ալեքսանյան ընտանիքին պատկանող մեկ այլ բիզնես՝ «Մոբայլ Սենթր» խանութների ցանցը 2025 թվականին 10 000 000 դրամ է փոխանցել Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին։ «Լեքս տոբակո քոմփանին» զբաղվում է ծխախոտի արտադրությամբ և 2023-ի հունիսին 1․2 մլրդ դրամի արտոնություն է ստացել։

Սամվել Ալեքսանյանի բիզնեսներից հերթականը՝ «Ալեքս տեքստիլը», ընտրված ժամանակահատվածում երկու անգամ ազատվել է մաքսատուրքի վճարից՝ 173 մլն և 109,6 մլն դրամի չափով՝ հագուստի արտադրության համար։ Բոլորովին վերջերս` 2025-ի հունիսին, Սամվել Ալեքսանյանի դուստր Լուսինե Ալեքսանյանը հիմնել է «Ռոսե գարդեն» ընկերությունը, որը զբաղվում է վարդերի աճեցմամբ, և հիմնադրումից ընդամենը երկու ամիս անց 57 մլն դրամի արտոնություն է ստացել Գեղարքունիքում ջերմոց կառուցելու նպատակով 1․1 մլրդ դրամի ներդրում կատարելու համար։ Ալեքսանյաններին պատկանող արտոնություն ստացած մյուս ընկերություններն են «Լա պլաստը», «Տեքսաս փրոդաքշընը», և «Ալեքս ֆաբրիկան»։

Վարդանյան եղբայրներին պատկանող ընկերությունները դիտարկվող ժամանակահատվածում կառավարությունից ավելի քան 27 մլրդ դրամի մաքսային արտոնություններ են ստացել (ընդհանուրի 18.2%-ը)։ Հայաստանի խոշորագույն ընկերություններից «Գրանդ քենդին» 2023-ի հուլիսին 8.2 մլրդ դրամի արտոնություն է ստացել հրուշակեղենի արտադրության նպատակով ներմուծված հումքի համար։ «Գրանդ քենդին» նախորդ տարի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 37-րդն էր։

Արտոնություններ են ստացել նաև Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող, ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները՝ 8.6 մլրդ և 8.5 մլրդ դրամի չափով։ Այս ընկերությունները միասին ներմուծել են 350.5 մլրդ դրամի հումք՝ նախատեսված ծխախոտ արտադրելու համար։

Գործարարներին պատկանող՝ արտոնություն ստացած մյուս ընկերությունն էլ «Գրանդ մաստերն» է, որը ստացել է 1,9 մլրդ դրամի արտոնություն։

Մաքսային արտոնություն ստացածների ցուցակում 3-րդ և 4-րդ տեղերում են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Ոսկե կաթ» և «Թամարա» ընկերությունները։ «Ոսկե կաթը» կաթնամթերքի արտադրության նպատակով 78.7 մլրդ դրամի հումքի ներմուծման համար ստացել է 11.8 մլրդ դրամի արտոնություն։ «Թամարան» կարագի արտադրության համար ներմուծել է 59․5 մլրդ դրամի հումք և ստացել 8.9 մլրդ դրամի արտոնություն։

Մաքսային արտոնություն ստանալու համար ընկերությունները իրենց ներկայացրած հայտերում պարտավոր են նշել, թե տվյալ ժամանակահատվածում որքան աշխատատեղեր են նախատեսում ավելացնել։ Այս տեղեկությունների մասին պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից մեզ տեղեկացրին, որ իրենք որևէ վերահսկողական գործառույթ չունեն, այլ իրականացնում են միայն մոնիթորինգ, հետևաբար ընկերությունների ներկայացրած թվերը հավելյալ չեն ստուգում և ընդունելով ի գիտություն՝ փոխանցում են Պետական եկամուտների կոմիտե։

Էկոնոմիկայի նախարարություն հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե 13 ընկերություններ, որոնց մի մասի արտոնությունների ժամկետը լրացել է 2025-ին, մյուս մասինը կլրանա 2026-ին, քանի աշխատատեղ են ստեղծել մինչ այս պահը։ Նախարարությունից տեղեկացրին, որ նախորդ տարվա հունիսի 30-ի դրությամբ այդ ընկերությունները ստեղծել են ընդհանուր 234 նոր աշխատատեղեր։

Ըստ հայտերում ներկայացված տվյալների՝ այդ ընկերությունները մինչև այս տարեվերջ պետք է ստեղծեն 660 աշխատատեղեր։ Նախարարությունից հրաժարվեցին մեզ յուրաքանչյուր ընկերության համար առանձին տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ այդ տվյալները հրապարակման ենթակա չեն։ Մինչդեռ այդ տեղեկությունը մեզ թույլ կտար հասկանալ, թե արդյոք այդ ընկերություններից յուրաքանչյուրը կատարել է աշխատատեղերի ավելացման պարտավորությունները։

Ովքեր և որքան գումար են փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին»

Վերջին տարիներին արտոնություն ստացած մի շարք գործարարներ միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին։

12 150 420 ՀՀ դրամ. 2023-2024 թթ․ այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացածները նվիրատվություն կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նվիրատուների վերաբերյալ բավարար տվյալների բացակայության պատճառով ոչ բոլորին է հնարավոր նույնականացնել։

«Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել արտոնություն ստացած 11 ընկերությունների 13 սեփականատերերի և տնօրենների, որոնք նվիրատվություններ են կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն արտոնությունը ստանալուց առաջ կամ հետո։ Մեծ հավանականությամբ այս թիվն ավելի մեծ է, քանի որ կուսակցությունը հրապարակում է նվիրատուների միայն անուն-ազգանունները, ինչը տարածված անունների դեպքում անհնար է դարձնում մարդկանց նույնականացումը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ նվիրատուների միայն անուն-ազգանունները հրապարակելը լուրջ խնդիր է, ինչը ստեղծում է թվացյալ թափանցիկության պատկեր։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment