ՔԿ․ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։ Հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքներն ու ծեծկռտուքը, որին նաև որոշ կին անդամներ էին մասնակցում։

«Հունիսի 23–ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,– նշեցին կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Leave a comment