Վարչական դատարանն է, որ պետք է ստիպի ԿԸՀ-ին իրականացնել իր գործառույթը․ Արամ Օրբելյան

«Վարչական դատարանը մենք ընտրել ենք ոչ թե նրա համար, որ բովանդակային քննարկի։ Ցավոք, ԿԸՀ-ն ներկա չէ, որպեսզի հասկանանք իրենց որոշման պատճառաբանության ստանդարտը։ Դատախազությունն է եկել որպես երրորդ կողմ։ Մենք հիմա դատարանում, դատավորի հետ քննարկում ենք, թե ի՞նչ պիտի որոշեր։ Իսկ իրականում վարչական մարմինը պետք է որոշեր, հիմնավորեր, դրանք կցեր, և վարչական մարմինը դրա վերանայելու հարցը քննարկեր, ոչ թե հիմա գար և փորձեր հասկանալ, թե ինչ պետք է քննարկել»,- դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ այսօրվա նիստը այդ տրամաբանության մեջ է եղել։

Հիշեցնենք, ՀՀ վարչական դատարանում այսօր քննվում էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ ՀՀ երկրորդ նախագահը պահանջում է անվավեր ճանաչել իրեն անձեռնմխելիությունից զրկելու ԿԸՀ որոշումը:

Գործով երրորդ կողմ է ներգրավվել Գլխավոր դատախազությունը:

Նիստը կայացավ փակ ընթացակարգով, քանի որ քննվող փաստաթղթերը, ըստ դատախազության դիմումի, նախաքննական գաղտնիքներ են պարունակում։

Արամ Օրբելյանը նկատեց, որ լավ պատկերացնում է, որ Վարչական դատարանը չէ, որ պետք է քրեադատավարական գնահատական տա ԿԸՀ արարքին, մեղավորության կամ անմեղության, այս պահին քրեադատավարական գործընթացների իրավաչափության վերաբերյալ։ Բայց, պնդում է, որ Վարչական դատարանն է, որ պետք է ստիպի ԿԸՀ-ին իրականացնել իր գործառույթը։

Նա հիշեցրեց, որ ԿԸՀ-ում հարցի քննարկման ժամանակ այդպես էլ հստակ պատասխաններ չեն ստացել․ «Փորձել ենք բոլոր արգումենտները, ցույց ենք տվել, որ քրեական հետապնդումը ոչ իրավաչափ է․ վաղեմության ժամկետն անցած է, առանց անձի համաձայնության չէին կարող։ Ցույց ենք տվել, որ կան քաղաքական դրդապատճառներ, ժամանակագրությունն էլ շատ տարօրինակ ձևով է ընտրված․ 2018 թվականին հարուցված գործով ինչո՞ւ հենց հիմա և այլն։ Մենք մեկ պարզ հարց ենք տվել՝ ի՞նչ պետք է լինի, որ մերժեք։ ԿԸՀ-ն ունի լիազորություն՝ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալ, ունի նաև մերժելու»։

Ըստ փաստաբանի՝ եթե կարողանում ենք ստանալ «ինչո՞ւ է այս օրին հասել» հարցի պատասխանը, բավականին շատ հարցեր կարգավորվում են։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք՝ երկրորդ նախագահի գրասենյակը հունիսի 14-ին հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երկու օրով բացակայելու է Հայաստանից ։ Սակայն օդանավակայանում նրան արգելել էին դուրս գալ երկրից, չնայած որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթ չկար ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քրեական գործ է հարուցվել կառավարության՝ 2004 թվականի որոշման հիմքով։

Դատախազությունը դիմել էր ԿԸՀ, որն էլ համաձայնություն էր տվել Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական գործ հարուցելուն հավանություն տալու միջնորդությանը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment