Հայաստանի ընտրությունները «գողացվել են» ըստ ժամանակացույցի։ Արևմուտքը դրանք անվանում է մաքուր
Visegrad24.com. Արևմտյան դիտորդները վավերացրել են քվեարկությունը, սակայն ահաբեկման, ընտրական մանիպուլյացիաների և քաղաքական կողմնակալության վերաբերյալ մեղադրանքները շարունակում են ստվեր գցել Հայաստանի ապագայի վրա։
Վեց շաբաթ առաջ ես նախազգուշացրել էի, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ «գողացվում» են։ Գոհունակություն չեմ զգում այն փաստից, որ ճիշտ էի։ Այժմ Երևանում եմ և մոտիկից եմ հետևել այդ գործընթացի ավարտին։
Հայտարարված հաղթանակ՝ նախքան ձայների հաշվարկի ավարտը
Սկսենք այն թվից, որը կառավարությունը կցանկանար, որ անտեսվեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարվեց հաղթող՝ 49.8 տոկոսով՝ չհասնելով երկու երրորդ սահմանադրական մեծամասնության, որն անհրաժեշտ է այն սահմանադրական փոփոխությունների իրականացման համար, որոնք պահանջում են Բաքուն և Անկարան։ Ղեկավարը, որի վարկանիշը համարվում է գործող համաշխարհային առաջնորդների մեջ ամենացածրերից մեկը, այնուամենայնիվ ստացավ 107 մանդատից 64-ը։
Այս արդյունքը ստեղծեց ոչ թե ընտրազանգվածը, այլ համակարգը։
Նայենք՝ ինչպես սկսվեց ամեն ինչ։ Քվեարկության ավարտից հետո՝ մոտավորապես գիշերվա ժամը երկուսին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել էր ձայների հազիվ 10 տոկոսը՝ հիմնականում փոքր գյուղական տեղամասերից, որտեղ Փաշինյանին աջակցությունն ամենաբարձրն է, նա հայտարարեց հաղթանակի մասին։ Մնացած՝ չհաշվարկված արդյունքները հենց այն էին, որոնք Փաշինյանն ամենաշատն էր վախենում տեսնել՝ մայրաքաղաք Երևանը և Գյումրին, որոնք հիմնականում աջակցում էին ընդդիմությանը։ Վաղ հաշվարկները ցույց էին տալիս, որ երկու հիմնական ընդդիմադիր ուժերը միասին կարող էին գերազանցել նրան: Փաշինյանը չսպասեց դրան: Նա հայտարարեց հաղթանակ, որը տվյալներով չէր հաստատվում, և այդպիսով ԿԸՀ-ին փաստացի առաջադրանք տվեց՝ ստեղծել թվեր, որոնք կհիմնավորեին այդ հայտարարությունը։ Դա ընտրություն հաղթել չէ, դա իշխանության զավթում է։
Ընտրություն, որը չէր կարող կորսվել
Սա սովորական ընտրություն չէր։ Փաշինյանի սեփական խոստովանությամբ՝ Լեռնային Ղարաբաղի կորուստը «հաշվարկված զոհաբերություն» էր, իսկ Հայաստանի սահմանադրության համաձայն՝ ինքնիշխան տարածքի միտումնավոր հանձնումը պետական դավաճանություն է։ Առաջնորդը, որն այս պայմաններում կորցնում է իշխանությունը, չի գնում հուշագրություններ գրելու․ նա կանգնում է պատասխանատվության, հնարավոր է՝ նույնիսկ ռազմական դատարանի առաջ։
Փաշինյանի համար հունիսի 7-ը մրցակցություն չէր, որը պետք է հաղթել, այլ դատավճիռ, որից պետք էր խուսափել։ Սա է իրական պատճառը, թե ինչու նա չէր կարող թույլ տալ ազատ ընտրություններ։
Ահաբեկում, ձերբակալություններ և ընտրական մանիպուլյացիա
Խախտումներն իրական են և փաստագրված են վերահաշվարկներում, որոնք այժմ ընթանում են, քրեական գործերում, որոնք բացվել են ընտրության գիշերը, և տեղամասերում ստորագրված արձանագրությունների ու ԿԸՀ-ի հետագա հրապարակած տվյալների միջև եղած տարբերություններում։ Այդ թվերը վեճի առարկա կլինեն շաբաթներ շարունակ։ Բայց ընտրությունը միայն թվաբանական հաշվարկներով հիմնավորելը նշանակում է նեղացնել քննարկման դաշտը: Ընտրությունը չի կեղծվում միայն քվեատուփում։ Այն կեղծվում է օրեր առաջ՝ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների և ահաբեկման համակարգված արշավով։
Ավելին։ Ուղիղ հեռարձակված նախընտրական բանավեճի ընթացքում Փաշինյանից ստացած հրահանգներով՝ նրա հետ կապ ունեցող կուսակցությունն ընտրատեղամասերի բացումից մոտ 36 ժամ առաջ դիմեց ԿԸՀ՝ փորձելով ամենամեծ ընդդիմադիր ուժին՝ «Ուժեղ Հայաստան»-ին զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Հանձնաժողովը ապացույցների բացակայության պատճառով մերժեց միջնորդությունը, սակայն փաստը, որ գործող վարչապետն ուղիղ եթերում փորձում է իր հիմնական մրցակցին հանել ընտրությունից, ցույց է տալիս գործընթացի ոգին։
Ինչ տեսան դիտորդները և ինչ անտեսեցին
Ես այս մեղադրանքը հեշտությամբ չեմ անում։ Որպես Policy Forum Armenia (PFA, «Քաղաքականության ֆորում Հայաստան») կոռուպցիայի դեմ պայքարի վերլուծական կենտրոնի համահիմնադիր և նախագահ՝ ես տասը տարի՝ 2008- 2018 թ.թ., ընտրական խախտումներ եմ փաստագրել Հայաստանում՝ ավելի շատ, քան շատ կազմակերպություններ։ Ես գիտեմ, թե ինչ տեսք ունի դա։ Այն, ինչ տեսա և լսեցի այս շաբաթ, ամբողջությամբ համընկնում է նախկինում դիտարկված օրինաչափությանը։
ԵԱՀԿ դիտորդների եզրակացությունը նշում էր, որ իրավիճակը «կասկած է հարուցում, թե արդյոք քաղաքական մրցակիցներն ունեցե՞լ են իսկապես հավասար պայմաններ»։ Նույն դիտորդներն արդեն փաստագրել էին «պետական ռեսուրսների լայնածավալ օգտագործումը», պետական աշխատողների վրա ճնշումը՝ իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար, և պետական հեռուստաընկերության «ակնհայտ կողմնակալությունը»։ Այնուամենայնիվ, նրանք վավերացրել են ընտրությունները։ Թվում է՝ արևմտյան դիտորդները հետաքրքրված չեն ազատ և արդար ընտրություններով․ նրանք հետաքրքրված են արդյունքով, և այդ արդյունքը Փաշինյանն է։
Արևմուտքի ռազմավարական սխալ հաշվարկը
Տրամաբանություն հասկանում եմ. նպատակը Հայաստանին Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս բերելն է, և սրան ես կողմ եմ: Սակայն դա Փաշինյանի միջոցով իրականացնելու փորձը սխալ է երեք պատճառներով։
Առաջինը՝ նա սխալ գործիք է․ Փաշինյանի ռուսական կապերը լայնորեն փաստագրված են՝ իր «թավշյա հեղափոխություն»-ից տարիներ առաջ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարի հետ հանդիպումներից մինչև նախընտրական ծրագիր, որով խոստանում էին թույլ չտալ որևէ «խնդիր» Մոսկվայի հետ, մինչդեռ քննադատներին անվանում էին «օտարերկրյա գործակալներ»՝ Կրեմլի սեփական տերմինը։ Ռուսաստանից չես փախչի՝ իշխանության բերելով մի մարդու, որի վրա Ռուսաստանի հետքերն են։
Երկրորդ՝ այդ հաշվարկը վտանգավոր է։ Արևմուտքն իր ամբողջ ռազմավարությունը դնում է Հայաստանի քաղաքական կյանքում ամենաքիչը սիրված գործչի՝ Արցախի կորստի և Բաքվին զիջումների շարքի ճարտարապետի վրա։
Երրորդ՝ նախադրյալն է սխալ։ Փաշինյանին աջակցելու հիմքում այն պնդումն է, թե հիմնական ընդդիմությունը՝ «Ուժեղ Հայաստան»-ը, Ռուսաստանի «պրոքսի» է։ Թեև Ռուսաստանը շահագրգռված է արդյունքն իր օգտին փոխելու հարցում, սակայն հենց «Ուժեղ Հայաստան»-ին չէ, որ աջակցում է։
«Ուժեղ Հայաստան»-ն ազդարարել է շատ ավելի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, քան Փաշինյանինն է, և ակտիվ կապեր է պահպանել Վաշինգտոնի, Լոնդոնի և Թել Ավիվի շրջանակների հետ։ Նրան Մոսկվայի գործիք ներկայացնելը ոչ թե վերլուծություն է, այլ գործող իշխանությանն աջակցելու արդարացում։
Այս մոտեցման ճարտարապետները հրաժարվում են տեսնել, որ համակցված ընդդիմությունը դժվար թե համաձայնի խաղալ նման պայմաններում։ Ակնկալվում է, որ ընդդիմությունը չի ընդունի արդյունքները, դա կարող է բերել կամ երկրորդ փուլի, ինչը քչերն են կանխատեսում, կամ փողոցային զարգացումների։
Երկու դեպքում էլ հետևանքը նույնն է՝ Փաշինյանի քաղաքական օրերը, ամենայն հավանականությամբ, հաշված են: Արևմուտքն իր հեղինակությունն է ներդնում մի առաջնորդի վրա, որը հեռանալու ճանապարհին է, և որի հեռանալուց հետո ինքն է կրելու հետևանքների ամբողջ պատասխանատվությունը։
Ժողովրդավարությո՞ւն, թե՞ հարմարավետություն
Մի հին արտահայտություն կա՝ ժողովուրդները ստանում ղեկավարներ, որոնց արժանի են։ Հայ ժողովուրդն արժանի է շատ ավելի լավին։ Ներկայիս վիճակը կակիստոկրատիա է՝ ամենավատերի իշխանություն, որը կապիտուլյացիայի է ենթարկվել դրսում, բայց ներսում բանտարկում է ընդդիմախոսներին, հետապնդում է սկսել եկեղեցու դեմ, ընդդիմադիր ընտրազանգվածին «շուն ու շանգյալ» է անվանում, իսկ տեղահանված արցախցի մորը՝ «դասալիք», որն ընտրություններից առաջ և հետո խորհրդարանական ամբիոնից սպառնացել է բանտարկել և «ոչնչացնել» իր մրցակիցներին և ձևավորել է խորհրդարանական մեծամասնություն, որը չի հաղթել ընտրատեղամասում։
Այն, որ նման պատկերը կարող է «լվացվել» և վերածվել արևմտյան գովասանքի, ժողովրդավարության հաստատում չէ, այլ մեղադրանք է նրանց հասցեին, ովքեր պնդում են, թե պաշտպանում են այն։
Սահմանադրական դատարանը առաջիկա օրերին կամ շաբաթներին կարող է զբաղվել վերահաշվարկի հարցով։ Միջազգային դիտորդները կարող են վերադառնալ իրենց շտապ արված եզրակացություններին։ Միակ հարցն այն է, թե արդյոք Վաշինգտոնում կամ Բրյուսելում որևէ մեկն իրականում ցանկանո՞ւմ է ճշմարտությունն իմանալ այնքան, որ օգնի Հայաստանին գտնել այն։ Ի վերջո, ոչ լեգիտիմ վարչապետը լավ գործիք չէ Հայաստանին Արևմուտքին մոտեցնելու համար։
Դավիթ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի գիտաշխատող է և Արժույթի միջազգային հիմնադրամում 22 տարվա աշխատանքային փորձ ունի։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: