Իսրայելը և Լիբանանը բանակցություններ են վարում ԱՄՆ-ի կողմից աջակցվող «փորձնական» նախագծի շրջանակներում

Իսրայելը և Լիբանանը բանակցություններ են վարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի փուլային դուրսբերման շուրջ՝ ԱՄՆ-ի կողմից աջակցվող «փորձնական» նախագծի շրջանակներում, հաղորդել է իսրայելական Kan հեռուստաալիքը՝ հղում անելով բանակցություններին ծանոթ աղբյուրներին:

Նախաձեռնության նպատակն է ստեղծել «Հըզբոլլահ» խմբավորումից զերծ, ԱՄՆ-ի և Իսրայելի խիստ հսկողության ներքո հատուկ անվտանգության գոտիներ։

Նախագծին մասնակցող լիբանանյան զորքերը կանցնեն հատուկ ստուգում ու վարժանք ԱՄՆ հսկողության ներքո՝ համոզվելու համար, որ նրանք կապված չեն «Հըզբոլլահի» հետ: Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, տեղի են ունենում քննարկումներ կոնկրետ տարածքների (այսպես կոչված փորձնական գոտիների) և իսրայելական զորքերի մասնակի դուրսբերման պայմանների վերաբերյալ։

Իսրայելական բանակը հարավային Լիբանանի որոշ տարածքների վերահսկողությունը կհանձնի Լիբանանի զինված ուժերին, Reuters-ին հայտնել են իսրայելցի պաշտոնյաները։

Իսրայելի ղեկավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հարավային Լիբանանում ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև անվտանգության պայմանների ապահովումը: Իսրայելի պաշտպանության բանակը ցանկանում է պահպանել գործողությունների ազատությունը՝ կանխելու համար զինյալների ենթակառուցվածքների վերակառուցումը նույնիսկ լիբանանյան բանակի կողմից մուտք գործած տարածքներում:

Leave a comment