Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում

Երևանի ստորգետնյա անցումները շարունակում են մնալ մայրաքաղաքի ամենախնդրահարույց հատվածներից մեկը, որոնցից օգտվելը հանրության համար բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Թեև վերջին տարիներին առանձին հատվածներում իրականացվել են ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ, քաղաքում դեռևս կարելի է հանդիպել խոնավ պատերով, քանդված աստիճաններով, անձրևաջրերով լցվող և երբեմն նույնիսկ կրծողների առկայությամբ անցումների։ 

Այդուհանդերձ, Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ 2026 թվականին նոր ստորգետնյա անցումների կառուցում կամ լայնածավալ վերանորոգման ծրագրեր նախատեսված չեն։ 

Ավելին, 2023-2025 թվականներին ևս նոր անցումների կառուցման ծրագրեր չեն իրականացվել։ Այդ տարիներին տարբեր վարչական շրջաններում կատարվել են անցումների ընթացիկ կամ մասնակի նորոգման աշխատանքներ՝ կախված դրանց վիճակից և հետիոտնային հոսքի ինտենսիվությունից։

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը շրջել է Երևանի մի շարք ստորգետնյա անցումներով՝ գնահատելու դրանց ներկա վիճակը և փորձել համադրել այն քաղաքապետարանից ստացված պաշտոնական տեղեկատվության հետ։ 

Շենգավիթ. խոնավ պատեր, ջրային կուտակումներ և չաշխատող վերելակ

Շենգավիթ վարչական շրջանում գործում է հինգ ստորգետնյա անցում։ Քաղաքապետարանի տվյալներով՝ 2023-2025 թվականներին դրանցից որևէ մեկը չի վերանորոգվել։ Միայն 2025 թվականին «Երքաղլույս» ընկերության կողմից վերանորոգվել է Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում գտնվող («Հայրենիք» կինոթատրոնի մոտ) անցման լուսավորության համակարգը։

Սակայն լուսավորության խնդրի լուծումը չի վերացրել մյուս թերությունները։ Մեր այցելության ընթացքում նկատեցինք, որ անցման ներսում կան խոնավության հետքեր, որոշ հատվածներում պատերը վնասված են, իսկ անձրևներից հետո ձևավորվող ջրակուտակումները դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը։ Պատերին կան բազմաթիվ գրառումներ, իսկ տարածքում նկատել ենք նաև կրծողներ։

Խնդիրներ կան նաև Գարեգին Նժդեհի փողոց 17 և 18 հասցեների մոտ գտնվող անցման հասանելիության հետ կապված։ Այստեղ տեղադրված վերելակը, որը նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար, չի գործում։

Աջափնյակ. նորոգված աստիճաններ, բայց պահպանվող սանիտարական խնդիրներ

Աջափնյակ վարչական շրջանում գործում է երկու ստորգետնյա անցում։ Դրանցից Հալաբյան-Քըրք Քըրքորյան փողոցների խաչմերուկում գտնվող անցումը 2025 թվականին մաքրվել է, իրականացվել է աստիճանների նորոգում։

Չնայած դրան՝ անցումը շարունակում է խնդիրներ ունենալ։ Տարածքում նկատվում են խոնավության հետքեր, սանիտարական վիճակը բավարար չէ, իսկ որոշ հատվածներում կրծողներ են վազվզում։ Տարածքով անցնող քաղաքացիների խոսքով, անցումը երբեմն օգտագործվում է նաև որպես հասարակական զուգարան, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում հետիոտների համար։

Կենտրոն. վերանորոգվել են, բայց խնդիրներ դեռ կան 

Կենտրոն վարչական շրջանում գործում է շուրջ 15 ստորգետնյա անցում, որոնց մի մասում վերջին տարիներին կատարվել են ընթացիկ նորոգումներ։

Այս տարի մասնակի վերանորոգվել է Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի անցումը։ Քաղաքապետարանից FIP.am-ի հարցմանն ի պատասխան, նշել են, որ նորոգումների համար առաջնահերթությունը տրվում է առավել վտանգավոր և մեծ հոսք ունեցող հատվածներին։

Սակայն քաղաքի ամենաբանուկ անցումներից որոշներում խնդիրները դեռ պահպանվում են։ «Բարեկամության», «Այրարատ» կինոթատրոնի, Տիգրան Մեծ պողոտայի, ինչպես նաև Խանջյան-Վարդանանց փողոցների հատվածներում տեղակայված անցումներում հաճախ առաջանում են տեղաշարժի դժվարություններ։ Պատճառը առևտրային կրպակներն են, որոնք նեղացնում են անցումների տարածքը և խոչընդոտում ազատ տեղաշարժը։

Հատկապես անձրևային եղանակին խնդիրներն ավելի ակնհայտ են դառնում։ «Բարեկամություն» կայարանի հարակից անցումը հաճախ լցվում է անձրևաջրերով, իսկ Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի հարևանությամբ գործող անցումը, որը հիմնանորոգվել էր 2023 թվականին, շարունակում է բախվել ջրահեռացման, աղբահանության և խոնավության հետ կապված խնդիրների։

«Լամբադա»

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները կապող հանրահայտ «Լամբադա» անցումը, պաշտոնական տվյալներով, նորոգվել և հարմարեցվել է հատուկ կարիքներ ունեցող անձանց համար։

Չնայած իրականացված աշխատանքներին՝ անցումը շարունակում է մնալ այն կետերից մեկը, որի վիճակը հաճախ է դառնում հանրային քննարկումների թեմա։ Քաղաքացիները շարունակում են առանձնացնել այս տարածքի պահպանման, մաքրության և անվտանգ շահագործման խնդիրները։

Այլ վարչական շրջաններ

Էրեբունի վարչական շրջանում գործում է միայն «Սասունցի Դավիթ» մետրոյի հարակից անցումը, որը 2023-2025 թվականներին չի վերանորոգվել։

Դավթաշենում կա մեկ ստորգետնյա անցում՝ Ա. Իոսիֆյան փողոցի սկզբնամասում, որը կառուցվել է 2016 թվականին։

Նոր Նորք վարչական շրջանում գործող վեց անցումները, ըստ քաղաքապետարանի, վերջին երեք տարիներին նորոգվել են։ Այստեղ տեղադրված երկու վերելակների անսարքությունը կապված է էլեկտրոնային համակարգերի հետ։ Քաղաքապետարանից վստահեցնում են, որ վարչական շրջանի պատասխանատուները աշխատանքներ են տանում դրանք վերագործարկելու ուղղությամբ։

Ավան, Նուբարաշեն, Նորք Մարաշ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ստորգետնյա անցումներ չկան, և դրանց կառուցման ծրագրեր նույնպես նախատեսված չեն։

Այսպիսով, «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Երևանի ստորգետնյա անցումների զգալի մասը շարունակում է ունենալ սանիտարական, տեխնիկական, ինչպես նաև հասանելիության խնդիրներ՝ հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Թեև առանձին հատվածներում իրականացվել են ընթացիկ աշխատանքներ, դրանք հիմնականում վերաբերել են տեղային առանձին թերությունների վերացմանը և չեն ազդում քաղաքացիների համար հարմար միջավայր ապահովելու վրա։ 

Արդյունքում մայրաքաղաքում պահպանվում է մի իրավիճակ, երբ այս ոլորտում խնդիրները լիարժեք լուծված չեն՝ բազմաթիվ անցումներում անվտանգ չէ, մաքրություն չի պահպանվում, իսկ միջավայրը հակասանիտարական է։

Սիլվա Գրիգորյան (փորձնակ լրագրող)

Գլխավոր լուսանկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով

The post Երևանի ստորգետնյա անցումները՝ չլուծված խնդիրների տակ. 2026-ին նոր ծրագրեր չեն նախատեսվում appeared first on FIP.AM.

Leave a comment