Վարժական հավաքների պատճառով 10-ից ավելի հոգևորական չի վերադարձել ՌԴ․ ՌԻԱ Նովոստի
Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 10-ից ավելի հոգևորականներ Հայաստան կատարած այցի ընթացքում ստացել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր և չեն կարողացել վերադառնալ իրենց ծխական համայնքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով թեմի մամուլի ծառայությանը:
Նշելով, որ այդ իրավիճակի հետևանքով ծխական համայնքների բնականոն գործունեությունը խաթարվել է՝ թեմից ընդգծել են, որ «այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտականությունները հայրենիքի նկատմամբ»։
Թեմը նաև մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) արգելել է երկու հոգևորականների վերադարձը Ռուսաստան։ Հաղորդվում է, որ քահանա Արսեն Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, Վորոնեժ) և քահանա Երեմիա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ, արդեն ներգրավված են վարժական հավաքներում։ Այս մասին թեմի խոսքերը մեջբերել է գործակալությունը։