«Կաշիներդ քերթվելու է՝ բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը»․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմությանը

«Բոլոր ընտրակեղծարարները, այն մարդիկ, ովքեր պատկերացրել են, որ ընտրակեղծիքով եւ ընտրակաշառքով պետության զավթման հնարավորություն ունեն, իրենք դեռեւս չեն պատկերացնում, թե իրենց ինչ է սպասվում։ Իրականում նախորդ ութ տարիների որոշակի հանգստության մեջ են։ Մաղթում եմ, որ այդ հանգստությունն իրենց հետ որոշ ժամանակ լինի, որովհետեւ իրենց համար գալիս են անհանգիստ ժամանակներ»,- Երեւանի ավագանու նիստի իր եզրափակիչ ելույթում ասաց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։

Հիշեցնենք, այսօր ծեծկռտուք եղավ ավագանու իշխանական եւ ընդդիմադիր անդամների միջեւ։

Տիգրան Ավինյանը խոսեց այն մասին, թե ինչո՞ւ ԿԸՀ-ն նախընտրական շրջանում այդ ուժերի մասնակցությունն ընտրություններին չսահմանափակեց. «Հինգ տարի ողբ, լաց եւ ոռնոց էինք լսելու, որ այդ ընդդիմադիր ուժերը գալու եւ հաղթելու էին, եւ մենք իրենց այն թույլ չենք տվել։ Այ սենց պետք է ընտրակաշառքով փորձ կատարեիք, գնայիք գլխով պատին հարվածեիք, գլուխներդ ջարդեիք, ու հիմա էլ կաշիներդ քերթվելու է՝ բոլորինդ, բոլոր ընտրակաշառք բաժանողներինը։ Խոստանում եմ՝ բոլորիդ աչքի առաջ, պատժվելու եք, կաշիներդ քերթվելու է։ Դուք էլ ծափ եք տալու»։

 

Նա հայտարարեց՝ բացառիկ երեւույթ է, երբ ընտրություններում ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունն է փորձում ընտրակեղծարարությամբ զբաղվել, եւ դա անում է համակարգային ձեւով։ Տիգրան Ավինյանի պնդմամբ, խոսքը 5-10 հազար դրամ ընտրակաշառքի մասին չէ, այլ անհամեմատ բարձր թվերի։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment