«Քնած գեղեցկուհին» ներկայացման պրեմիերան 1890 թվականին Սանկտ Պետերբուրգում նշանակալի իրադարձություն դարձավ։ Չայկովսկու երաժշտությունը, Մարիուս Պետիպայի ֆանտաստիկ խորեոգրաֆիան և Կայսերական թատրոնների տնօրեն Վսևոլոժսկու կողմից նախագծված շլացուցիչ զգեստները բեմի վրա ստեղծել էին Շառլ Պերրոյի հեքիաթների կախարդական աշխարհը՝ գործողությունները կարծես տեղափոխելով Լյուդովիկոս XIV-ի դարաշրջան։ Վերսալի արքունիքի կյանքի տեսարանները, որոնք լի էին պարահանդեսներով և զվարճանքի զբոսանքներով, կենդանացել էին հանդիսատեսի առջև։
Այս պրեմիերայից հետո շուրջ երկու հարյուրամյակի ընթացքում աշխարհը տեսել է «Քնած գեղեցկուհու» բազմաթիվ տարբերակներ, որոնք սովորաբար հիմնված են Պետիպայի խորեոգրաֆիկ տեքստի վրա։ Բալետի իրենց տարբերակը ստեղծելու նպատակով Սանկտ Պետերբուրգի հռչակավոր Լեոնիդ Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը հրավիրել է ֆրանսիացի էտուալ-պարուհի Ժան Գիյոմ Բաոյին։ Երկու տարի առաջ յակոբսոնյան թատրոնն իր տարբերակն առաջին անգամ ներկայացրեց հայ հանդիսատեսին։
Հյուրախաղերի վերջին օրն էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրիան Ֆադեևը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հիացած եմ ձեր հանդիսատեսի նման բացառիկ ջերմ ընդունելությունից։ Սա կարելի էր սպասել։ Չէ՞ որ մեր թատրոնի և Հայաստանի մշակութային կապերն ունեն երկարամյա պատմություն, իսկ Լեոնիդ Յակոբսոնի և Արամ Խաչատրյանի համագործակցության արդյունքում ստեղծված «Սպարտակ» բալետը վաղուց դարձել է համաշխարհային պարարվեստի կարևորագույն արժեքներից մեկը։ Կարծում եմ՝ Երևանի օպերային թատրոնի հետ մեր համագործակցությունը ավանդույթ կդառնա»։
Այդպես էլ եղավ. անցյալ տարի Երևանում յակոբսոնցիների՝ առաջին անգամ ներկայացրած Մինկուսի «Դոն Կիխոտը» ոգևորությամբ ընդունեց մեր հանդիսատեսը։ Օրերս էլ՝ հունիսի 19, 20 և 21-ին, Երևանի օպերային թատրոնում «Քնած գեղեցկուհու» բոլոր տոմսերը սպառված էին։
Մի առիթով բեմադրող խորեոգրաֆ Ժան Գիյոմ Բաոն ասել է. «Ներկայացման վրա աշխատելիս նպատակս էր վերակենդանացնել ավանդույթները, դարձնել դրանք արդիական և ներդաշնակ։ Դասական բալետը ծնվել է մեծ եվրոպական դպրոցում, բայց այն պետք է բեմադրվի այնպես, կարծես ստեղծվել է այսօր։ Ի վերջո, յուրաքանչյուր դարաշրջան ունի իր ճաշակը, և շատ դժվար է անժամանակ լինել արվեստում։ Բնականաբար, ոճերը փոխվում են, բայց դասական պարի լեզուն միշտ համընդհանուր է»։
Համակարծիք լինելով և հիմք ընդունելով նաև հանդիսատեսի ու մեզ հետ զրուցած մեկ-երկու պարարվեստի ոլորտի մասնագետների խոսքը՝ այս բեմադրությունն առանձնանում է առատ պարերով, նրբագեղ դեկորացիաներով և շքեղ զգեստներով (բեմի և կոստյումների նկարիչ՝ Օլգա Շաիշմելաշվիլի), լուսային վառ ձևավորմամբ (Եվգենի Գանզբուրգ), որոնք վայել են թագավորական արքունիքին։ Նույնիսկ բեմադրության մեջ Չար փերի Կարաբոսը (Սվետլանա Գոլովկինա) երիտասարդ է, գեղեցիկ և նրբագեղ, բարձր հասարակության վարվելակերպով։ Բեմադրող խորեոգրաֆը Կարաբոսին պատմություն է տվել, որը նա պատմում է բալետի սկզբում։ Այս և այլ մանրամասներ տարբերակում են այս «Քնած գեղեցկուհուն» մյուս «Քնած գեղեցկուհիներից»՝ այս վեհաշուք դասականը դարձնելով ինքնատիպ, վառ և նրբագեղ՝ իսկապես ֆրանսիական ձևով։
Նշենք նաև գլխավոր գործող անձանց՝ Թագավորի, Թագուհու, Արքայադստեր, Փերու մենապարերով հանդես եկող Վադիմ Սմորոդինի, Անգելինա Գրիգորևայի, Նուրիա Կարտանիսովայի, Դմիտրի Սոբոլևի, Գալինա Միխիրյովայի անունները, որոնց առանձին պարային պարտիաներն աչքի էին ընկնում ոչ միայն տեխնիկապես, այլև կերպարը զգալու և մատուցելու մի այլ՝ աննկարագրելի խորությամբ։
Ինչպես նման դեպքերում ասվում է՝ կորդեբալետի մասին ավելորդ է խոսելը, քանի որ արտիստական խումբը կարծես մեկ մարդ լիներ. նկատի ունենք պարային էլեմենտների և շարժումների կատարումները։
Մի այլ թեմա է Չայկովսկու երաժշտությունը, որը փայլուն կատարեց օպերային թատրոնի նվագախումբը՝ Իգոր Տոմաշևսկիի ղեկավարությամբ, որի հետ հարցազրույցը ժամանակին ներկայացրել ենք։
Վերջում հանդիսատեսի մի ցանկություն չենք կարող չարձանագրել. երեք գործողությամբ այս բալետը ժամանակային իմաստով ոչ թե երկար է տևողությամբ, այլ շա՜տ երկար։ Ի վերջո, այս մեծ աշխատանքն արված է հանդիսատեսի համար, և վերջինիս կարծիքի շուրջ յակոբսոնցիները պետք է լուրջ մտածեն։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երևանյան «Քնած գեղեցկուհու» լուսանկարները՝ օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: