«Ներկայումս քաղհասարակության դաշտի, ինստիտուտների համար առաջնային խնդիր է, թե որոնք են լինելու անելիքները եւ ինչպես են իրականացվելու ԱԺ ընտրություններից հետո՝ ունենալով այն պատկերը, որը ձեւավորվեց այդ ընտրությունների արդյունքում։ Պատկեր ասածը ոչ այնքան քվեարկության արդյունքներին է վերաբերում, այլ ինքնին գործընթացին»,- Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նրա ձեւակերպմամբ, ժողովրդավարությունը լուրջ փորձության է ենթարկվել․ «Եթե փորձեմ 5 բալանոց համակարգով գնահատել, ձգելով հազիվ 3 կարելի է գնահատել։ Եթե ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորման տեսանկյունից ենք գնահատում, արդյոք բացառվեց վարչական ռեսուրսների կիրառումը, իհարկե՝ ոչ։ Մյուս կողմից էլ վարչական ռեսուրսների կիրառումը չուներ համակարգային բնույթ»։
Սաքունցի գնահատմամբ, ընտրությունների առանձնահատկությունը, ի տարբերություն 2018 եւ 2021 թվականների ընտրությունների, այն է, որ վաղուց մոռացված շատ գործիքներ, որ համակարգային բնույթ ունեին մինչեւ 2018 թ., սկսեցին գլուխ բարձրացնել, իսկ դրանց կանխման ուղղությամբ արդյունքները չտվեցին ցանկալի արդյունքները։
«Կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված քաղհասարակությունը առաջարկություններ էր ներկայացրել՝ գործիքակազմը ձեւավորելու առումով, որը, ցավոք, չընդունվեց, այդ առումով պետական մարմիններն էլ չունեին արագ արձագանքելու, կանխելու, բացահայտելու անհրաժեշտ գործիքակազմը՝ բացահայտելու ապօրինի կամ ոչ թափանցիկ ֆինանսավորման աղբյուրները։ Մյուս կարեւոր հարցը հիբրիդային սպառնալիք եւ պատերազմ ասվածն է։ Երբեւէ ապատեղեկատվության նման մեծ տարափ ընտրությունների հետ կապված չի եղել ընտրողների վրա»,- ընդգծեց Սաքունցը։
Aravot.am-ը նրան խնդրեց մեկնաբանել ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի հետեւյալ միտքը․ «Դիտորդները զբաղվում էին ամեն ինչով, բացի դիտորդությունից, ես կասեմ։ Նրանք բլոգեր էին, հասարակական ակտիվիստներ էին, վստահված անձինք էին, քարոզիչ էին։ Ես ոչ բոլորի մասին եմ ասում, բայց երևացողների մասին։ Ակնհայտորեն դերերի շփոթություն տեղի ունեցավ, որը, ես կարծում եմ, մեծ վնաս է հասցնում այդ դիտորդության ինստիտուտին», նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի այն ձեւակերպումը, որ «Տեղական դիտորդների առումով խնդիր է՝ իրենք վաղուց արդեն քաղաքական են, բայց չեն ուզում բացահայտ ու ազնվորեն զբաղվել քաղաքականությամբ, անընդհատ փորձում են իրենց քաղաքական մոտիվները, ակնկալիքները շարունակել քաղաքացիական հասարակության դաշտում սպասարկել», եւ մի մեջբերում էլ «Միասնության թեւերի» ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանից էինք արել այն մասին, որ ՔՊ-ն անգամ 1 աշխատակից չի ունեցել գրանցված քարոզարշավի ողջ ընթացքում։
Դիտորդների բլոգեր լինելու հետ կապված հարցի վերաբերյալ Սաքունցն ասաց, որ կոնկրետ «Անկախ դիտորդը» միշտ հանդես է եկել իր դիտարկումներով, խախտումների հետ կապված էլ հաղորդումների մի ամբողջ փունջ էն ներկայացրել։ Նաեւ ասաց, որ 2700 անձ էր դիտորդական առաքելություն իրականացնում, եւ լավ կլիներ անվանական նշվեր, թե ում մասին է խոսքը։ Արթուր Սաքունցը շեշտեց, որ այսօր քաղհասարակությունը տրոհված է շատ ավելի, քան մինչ հեղափոխությունը։ Դառնալով քաղաքականացված դիտորդական առաքելություններին՝ հավելեց․ «Թարմ օրինակ բերեմ, Հայաքվեն եւ դիտորդական առաքելություն է իրականացնում, եւ քաղաքական գործունեություն»։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը նշեց նաեւ, որ քաղհասարակության դերը շատ դժվար է եղել, որովհետեւ ԱԺ-ում, ի դեմս ընդդիմության, չեն ունեցել իրենց գործընկերներին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: