Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Ռուբեն Մուրադյանը մեկնաբանել է Team Telecom Armenia–ի պարզաբանումը, որն ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր CyberHUB-AM–ի համահիմնադիր Արթուր Պապյանին AzerTelecom–ի հետ համագործակցության և թրաֆիկի երթուղու վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի․/ԱՌԿԱ/․ Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Ռուբեն Մուրադյանը մեկնաբանել է Team Telecom Armenia–ի պարզաբանումը, որն ավելի վաղ ընկերությունը ներկայացրել էր CyberHUB-AM–ի համահիմնադիր Արթուր Պապյանին AzerTelecom–ի հետ համագործակցության և թրաֆիկի երթուղու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հունիսի 22–ին «Տելեկոմ Արմենիա»–ն հայտնեց «Ազերտելեկոմ»–ի հետ երկկողմ համաձայնագրի ստորագրման մասին, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Ընկերությունից հայտնել են, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
Պապյանի կողմից Facebook–ում հրապարակված մեկնաբանության մեջ Team Telecom–ը հայտարարել է, որ թրաֆիկի երթուղումը իրականացվելու է DWDM ցանցի մակարդակով, որը նույնն է, ինչ կետից կետ ֆիզիկական կապուղու կազմակերպումը. այս պարագայում ադրբեջանական ինֆոմացիան է անցնելու մեր կապուղիով DWDM ցանցի մակարդակով։ Այո, մենք ևս հնարավորություն ունենք օգտվելու ադրբեջանական ենթակառուցվածքից, բայց մենք չենք պլանավորում օգտագործել այդ հնարավորությունը։
Մուրադյանի խոսքով՝ հենց այս ձևակերպումն է իր մոտ մտահոգություն առաջացնում։
«Team Telecom-ը չի բացառում տարանցման հնարավորությունը։ Team Telecom-ն ասում է, որ դա չի պլանավորում։ Իսկ դրանք երկու մեծ տարբերություններ են»,- գրել է նա Facebook-ում։
Միևնույն ժամանակ Մուրադյանը նշել է, որ Հայաստանում ինտերնետ-տարանցման զարգացումը շարունակվում է արդեն երկար տարիներ, իսկ Team Telecom-ը հաջողակ ընկերություն է։
Նա նաև հիշեցրել է, որ գործող համագործակցությունը ենթադրում է AzerTelecom-ի թրաֆիկի տարանցում դեպի Նախիջևան, իսկ բուն փոխգործակցությունը կարող է մեծացնել ադրբեջանական կողմի կախվածությունը հայկական ենթակառուցվածքներից։ Բացի այդ, նրա խոսքով, համագործակցությունն ապահովում է կապի լրացուցիչ պահուստային երթուղիներ և թույլ է տալիս նվազեցնել կախվածությունը Վրաստանով անցնող տարանցիկ գծերից։
Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է Մուրադյանը, այս հանգամանքներից ոչ մեկը չի ապացուցում ռիսկերի բացակայությունը, որոնք կարող են առաջանալ հայկական թրաֆիկը AzerTelecom-ի ենթակառուցվածքով փոխանցելու դեպքում։
Նա նաև մեկնաբանել է տարածված այն փաստարկը, թե Ադրբեջանի օդային տարածքն օգտագործվում է թռիչքների համար, և դա ինքնին մտահոգություններ չի առաջացնում։
«Այո՛, անցնում է։ Բայց ադրբեջանական օդը չէր, որ Pegasus-ով վարակում էր հայ քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և իրավապաշտպաններին։ Եվ, բնականաբար, օդն իր մեջ չի կրում այն ռիսկերը, որոնց մասին ես գրել եմ»,- հայտարարել է Մուրադյանը։
Նրա խոսքով՝ AzerTelecom-ի ենթակառուցվածքով պահուստային երթուղու առկայությունը կարող է օգտակար լինել Վրաստանով անցնող մի քանի գծերի կապի խափանման դեպքում, սակայն, նրա կարծիքով, նման սցենարը կապված կլինի համապատասխան ռիսկերի հետ։