Ներկայացնում ենք Foreign Affairs ամսագրում (2026թ. հունիս) հրապարակված Turkey’s Quiet Realignment հոդվածի հայերեն թարգմանությունը:
Հոդվածի հեղինակ Գոնուլ Թոլը Մերձավոր Արեւելքի Ինստիտուտի Թուրքիայի ծրագրի ղեկավարն է:
Գոնուլ Թոլ
Երկուուկես տասնամյակ շարունակ, երբ թուրքական կառավարությունը վիճում էր Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ, վերլուծաբանները խուճապի էին մատնվում, որ Արեւմուտքը «կորցրեց» Թուրքիային։ Առաջին անգամ այդպես եղավ 2003 թվականին, երբ թուրքական խորհրդարանը դեմ քվեարկեց Իրաք ներխուժելու համար ԱՄՆ ուժերին թուրքական տարածք տրամադրելուն։ Դա կրկին տեղի ունեցավ 2010 թվականին, երբ Թուրքիան դեմ քվեարկեց Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից խստացված պատժամիջոցներին։ Զգուշացումներն ավելի հրատապ դարձան 2017-ին, երբ Անկարան գնեց ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ մտավախություն առաջացնելով, որ ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ ռազմական տերությունը մտերմանում է դաշինքի գլխավոր հակառակորդի հետ։
XX դարի երկրորդ կեսի ընթացքում աշխարհիկ առաջնորդները Թուրքիային ամուր պահում էին արեւմտյան ճամբարում։ Անկարան միացավ Եվրոպայի խորհրդին 1949 թվականին, ՆԱՏՕ-ի անդամ դարձավ 1952-ին, իսկ 1963 -ին ասոցացման համաձայնագիր ստորագրեց Եվրոպական տնտեսական համայնքի հետ: Սակայն արեւմտյան դիտորդները վախենում էին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, պատմական կապեր ունենալով իսլամիստական կուսակցությունների հետ, 2002 թվականին իշխանության գալուց հետո կհեռացնի երկիրը արեւմտյան դաշինքից: Շատ առումներով Էրդողանը փորձեց նման շրջադարձ կատարել: 2010-ականների կեսերից Անկարան «ռազմավարական ինքնավարության» դրոշի ներքո ավելի սերտ տնտեսական, էներգետիկ եւ անվտանգության կապեր հաստատեց Մոսկվայի հետ եւ երբեմն վարում էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զայրացնող քաղաքականություն:
Այժմ, սակայն, Թուրքիան վերադառնում է իր արեւմտյան գործընկերների մոտ: ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ, որը կկայանա հուլիսին Անկարայում, թուրք պաշտոնյաները հետեւողականորեն ուղերձներ են հղում դաշինքի օգտին: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, օրինակ, տրանսատլանտյան կապերը որակեց որպես Թուրքիայի համար ռազմավարական անհրաժեշտություն եւ գագաթնաժողովն անվանեց «պատմական հնարավորություն»՝ ՆԱՏՕ-ի միասնությունը վերահաստատելու համար:
Եվ Թուրքիայի վերադասավորումը միայն խոսքեր չեն: Վերջին մի քանի տարիների ընթացքում Անկարան հեռացել է Մոսկվայից՝ նվազեցնելով իր կախվածությունը ռուսական էներգիայից եւ կրճատելով տնտեսական եւ պաշտպանական կապերը: Այս տեղաշարժը բացել է դուռը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ ավելի խոր համագործակցության համար։ Ռազմավարական ինքնավարության մասին տարիներ շարունակ խոսելուց հետո՝ թուրք քաղաքական գործիչները գիտակցում են, որ իրենց երկրի համար ավելի շահեկան է համագործակել Արեւմուտքի հետ:
Կրեմլի գործընկերը
Անկարայի եւ Մոսկվայի մերձեցման արմատները, պարադոքսալ կերպով, ժամանակակից ռուս-թուրքական հարաբերությունների ամենավտանգավոր ճգնաժամերից մեկի արդյունք են: 2015 թվականի նոյեմբերին Թուրքիան սիրիա-թուրքական սահմանի մոտ ռուսական ինքնաթիռ խոցեց: Մոսկվան անմիջապես լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ կիրառեց, եւ Անկարան վախեցավ, որ ռազմական հակահարված կհետեւի: Թուրքիան կոչ արեց իր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դուրս չբերել Patriot հրթիռային մարտկոցները, բայց ԱՄՆ-ն ու Գերմանիան, այնուամենայնիվ, արեցին դա: Այդ պահին ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն արդեն լարված էին, քանի որ Վաշինգտոնը որոշել էր զինել Սիրիայի քրդական աշխարհազորը, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Patriot-ի դուրսբերումը համոզեց Անկարային, որ ՆԱՏՕ-ն չի կանգնի իր կողքին ծայրահեղ պահերին:
Հիասթափված ՆԱՏՕ-ի դաշնակիցներից եւ անհանգստացած Ռուսաստանի հնարավոր հակահարվածից՝ Էրդողանը 2016-ի սկզբին փորձեց վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ ափսոսանք հայտնեց ինքնաթիռը խոցելու համար: 2016-ի հուլիսին Էրդողանի դեմ ձախողված հեղաշրջման փորձից հետո Պուտինը առաջին օտարերկրյա առաջնորդն էր, որը զանգահարեց եւ աջակցություն առաջարկեց: Թուրքիայի ՆԱՏՕ-ի դաշնակիցների համեմատաբար դանդաղ արձագանքը զայրացրեց Էրդողանին, եւ նա դա եւս մեկ ապացույց համարեց, որ ՆԱՏՕ-ն անվստահելի է ճգնաժամի ժամանակ, մինչդեռ Ռուսաստանը գործընկեր է, որի հետ Թուրքիան կարող է համագործակցել: Ընդամենը մեկ ամիս անց Թուրքիան Ռուսաստանի լուռ համաձայնությամբ ռազմական ներխուժում սկսեց Սիրիայի հյուսիս: Հաջորդ տարի Թուրքիան գնեց ռուսական արտադրության S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը: S-400-ը անհամատեղելի է ՆԱՏՕ-ի համակարգերի հետ, եւ դաշնակիցները մտահոգված էին, որ դրա առաջադեմ ռադարը կարող է հետախուզական տվյալներ հավաքագրել ՆԱՏՕ-ի ինքնաթիռների, մասնավորապես՝ F-35 կործանիչի վերաբերյալ, եւ դրանք փոխանցել Մոսկվային: Նույնիսկ երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ եւ երկիրը դուրս թողեց F-35 ծրագրից, Անկարան պնդում էր, որ իրավունք ունի դիվերսիֆիկացնել իր պաշտպանական գործընկերությունները եւ նվազեցնել կախվածությունն արեւմտյան դաշնակիցներից:
Որոշ առումներով 2022 թվականին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա ավելի մերձեցրեց Ռուսաստանն ու Թուրքիան: Անկարան չաջակցեց ներխուժմանը. Թուրքիայի կառավարությունը խստորեն դատապարտեց Ռուսաստանի գործողությունները, միացավ ՄԱԿ-ի կողմից Ռուսաստանին դատապարտող բանաձեւին, ԱԹՍ-ներ եւ այլ զենք մատակարարեց Ուկրաինային եւ փակեց Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռազմանավերի, այդ թվում՝ Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի համար՝ կատարելով 1936 թվականի Մոնտրյոյի կոնվենցիայի պայմանները։ Սակայն միեւնույն ժամանակ Թուրքիան հրաժարվեց միանալ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներին եւ տնտեսական փրկարար օղակ դարձավ Մոսկվայի համար։ Պատերազմից փախչող տասնյակ հազարավոր ռուսներ լցվեցին Թուրքիա, որտեղ գնեցին անշարժ գույք, բացեցին բիզնեսներ եւ անհրաժեշտ կանխիկ գումար ներդրեցին քայքայված տնտեսության մեջ։ Երկկողմ առեւտուրը գրեթե կրկնապատկվեց 2022-ին՝ հասնելով ավելի քան 60 մլրդ դոլարի, ինչը Թուրքիային դարձրեց Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առեւտրային գործընկերը Չինաստանից հետո։
Թուրքիայի եւ Ռուսաստանի կապերը հատկապես խորացան էներգետիկ ոլորտում։ Ներխուժումից երկու տարի անց Թուրքիան դարձավ ռուսական վառելիքի երրորդ խոշորագույն ներմուծողը։ Ռուսական նավթի ներմուծումը 2023 եւ 2024 թվականներին կրկնապատկվեց 2021-ի համեմատ։ Թուրքիան եւ Ռուսաստանը առաջ մղեցին 2010 թվականին ստորագրված համաձայնագիրը, որի համաձայն Ռուսաստանի պետական միջուկային հսկա «Ռոսատոմը» պետք է կառուցի, տիրապետի եւ շահագործի Աքքույուի ատոմակայանը Թուրքիայի Միջերկրական ծովի ափին: Ռուսաստանը միլիարդավոր դոլարներ ներդրեց նախագծի իրականացման մեջ, իսկ Անկարան օգնեց «Ռոսատոմին» հաղթահարել պատժամիջոցների հետ կապված խոչընդոտները: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը կպահպանի սեփականության վերահսկիչ փաթեթը, եւ դա փաստացի Մոսկվային հնարավորություն կտա մուտք գործել ՆԱՏՕ-ի մեծ երկրի կարեւորագույն ենթակառուցվածք՝ կայանի 60-ամյա շահագործման եւ տասնամյակներ տեւող հետագա ապամոնտաժման ընթացքում:
ՆԱՏՕ-ի դաշնակիցների տեսանկյունից՝ այդ պահին Անկարան ավելի հեռու էր իրենցից, քան երբեւէ: Թուրքիան ռազմական սարքավորումներ էր գնել Ռուսաստանից եւ սերտ էներգետիկ կապեր հաստատել: Ռուսաստանի հետ երկարաժամկետ գործարքների պատճառով եվրոպական եւ ամերիկյան պաշտոնյաները նախազգուշացրին, որ թուրքական ընկերությունները կարող են երկրորդական պատժամիջոցների ենթարկվել, եթե համագործակցեն պատժամիջոցների ներքո գտնվող ռուսների հետ: Թուրքիան նույնիսկ ուղղակիորեն վնասեց ՆԱՏՕ-ին. օգտագործեց իր վետոյի իրավունքը՝ ստիպելով դաշնակիցներին զիջումներ անել, փոխարենը հաստատելով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու դիմումները: Երկու երկրների անդամակցության վավերացումը հետաձգվեց ամիսներով։ Դաշնակիցների համար այս ամենը Պուտինի հաղթանակ էր նշանակում։
Վերադասավորման ժամանակը
Սակայն ներքին խնդիրները շուտով ստիպեցին Անկարային վերանայել իր քաղաքականությունը: 2023 թվականին՝ Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երկիրը բախվեց կտրուկ գնաճին, արժույթի փլուզմանն ու վճարային հաշվեկշռի աճող ճգնաժամին: Տարիներ տեւած տնտեսական անարդյունավետ կառավարումը, ինստիտուցիոնալ քայքայումը եւ Էրդողանի ոչ ավանդական դրամավարկային քաղաքականությունը լրջորեն վնասել էին ներդրողների վստահությունը, իսկ ավանդական արեւմտյան գործընկերներին օտարելու տարիներից հետո Թուրքիան մնացել էր առանց ընկերների, որոնց վրա կարող էր հույս դնել: 2023-ի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որը ավելի քան 50,000 մարդու կյանք խլեց եւ մոտ 100 միլիարդ դոլարի վնաս պատճառեց, սրեց խնդիրները:
2023 թվականի մայիսին ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանը հասկացավ, որ տնտեսական եւ ռազմավարական հրամայական է փոխել Թուրքիայի մասին ընկալումները: Երկիրը չէր կարող շարունակել օտարացնել Եվրոպան, քանի որ ԵՄ-ն Անկարայի ամենամեծ առեւտրային գործընկերն էր եւ ներդրումների աղբյուրը: Թուրքիայի պաշտպանական ոլորտի արդյունաբերությունը կենտրոնական էր Էրդողանի համար՝ երկրում լեգիտիմություն ձեւավորելու եւ արտերկրում ազդեցություն ունենալու համար, սակայն ռուսական S-400-ների պատճառով կիրառված ԱՄՆ պատժամիջոցները բացասաբար էին անդրադարձել ոլորտի վրա: Երբ ՆԱՏՕ-ն Թուրքիային դուրս թողեց F-35 ծրագրից, թուրքական ընկերությունները միլիարդավոր դոլարների կորուստ ունեցան, իսկ Թուրքիայի պաշտպանական գնումների գործակալության նկատմամբ պատժամիջոցները բարդացրին ԱՄՆ բաղադրիչներից կախված զենքի արտադրությունը եւ կասեցրին նոր գործարքների շուրջ բանակցությունները։
Ուղղությունը փոխելու համար Էրդողանը հանձնարարեց, որ ծանր վիճակում գտնվող տնտեսությունը ղեկավարի Մեհմեթ Շիմշեքը, որը հարգված էր միջազգային ներդրողների կողմից՝ Թուրքիայի ֆինանսների նախարարի պաշտոնը կարճ ժամանակով ստանձնելու ժամանակ։ Նոր ֆինանսների նախարարը շրջագայեց արեւմտյան մայրաքաղաքներով՝ վստահեցնելու ներդրողներին, որ Թուրքիան վերադառնում է ավանդական տնտեսական քաղաքականությանը, իսկ Ֆիդանը ազդարարեց, որ Թուրքիան ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն կհաստատի արեւմտյան գործընկերների հետ՝ փորձելով կայունացնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ եւ վերականգնել Թուրքիայի ԵՄ անդամակցության հայտը։ 2023-ի հուլիսին Էրդողանը վերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ առարկությունները։ Թեեւ Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցներին, այն ճշգրտեց իր քաղաքականությունը՝ երկրորդական պատժամիջոցներից խուսափելու համար։ Թուրքական արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազեց 2024-ի սկզբին, իսկ թուրքական բանկերը սկսեցին փակել ռուսական հաշիվները, կասեցնել վճարումները եւ խզել կապերը ռուս գործընկերների հետ։ Անկարան սահմանափակեց ամերիկյան ծագում ունեցող միկրոչիպերի եւ հեռակառավարման համակարգերի արտահանումը, որոնք, ըստ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, կարող էին հասնել ռուսական բանակին։
Թուրքիան նաեւ սկսեց քայլեր ձեռնարկել ռուսական էներգիայից իր ծանր կախվածությունը նվազեցնելու համար։ 2025 թվականին Անկարան բանակցություններ վարեց Իրանի հետ՝ Թուրքմենստանից գազի հոսքը մեծացնելու համար, եւ արագացրեց ԱՄՆ-ից եւ այլ ոչ ռուսական մատակարարներից հեղուկացված բնական գազի ներմուծման ծրագրերը։
Անկարան անաղմուկ հետաձգեց Պուտինի կողմից 2022-ին առաջարկված ծրագրերը՝ Թուրքիայում ռուսական գազի կենտրոն հիմնելու վերաբերյալ, որը, ինչպես նախազգուշացրել էին արեւմտյան կառավարությունները, թույլ կտար Մոսկվային խուսափել ներմուծման սահմանափակումներից՝ իր գազը խառնելով այլ մատակարարների գազին։ Անցյալ տարի Թուրքիան ռուսական գազի պայմանագրերի ժամկետը երկարաձգեց ընդամենը մեկ տարով, բայց կնքեց 15-ամյա պայմանագիր՝ ԱՄՆ-ից հեղուկացված գազ գնելու համար։ Ռուսաստանից գազի ներմուծումը 2018-ին կազմել էր Թուրքիայի մատակարարման ավելի քան 50 տոկոսը. 2025-ի վերջին այն 40 տոկոսից ցածր էր։ Իսկ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025-ի սեպտեմբերին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Էրդողանին հորդորեց կրճատել ռուսական էներգիայի գնումը, երկրի խոշորագույն վերամշակման գործարանները սկսեցին հում նավթ գնել Իրաքից, Ղազախստանից եւ այլ ոչ ռուսական արտադրողներից, ինչի հետեւանքով հոկտեմբերին ռուսական նավթի արտահանումը Թուրքիա նվազեց ավելի քան 60 տոկոսով։
Նույնիսկ միջուկային գործընկերությունն է սպառնալիքի տակ։ Աքքույուի ատոմակայանի նախագիծը, որը սկզբում նախատեսված էր շահագործել 2024 -ին, բազմիցս հետաձգվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ մատակարարների մտահոգությունների պատճառով։ Թուրքիան այժմ աշխատում է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ Սեւ ծովի ափին գտնվող Սինոպում երկրորդ ատոմակայանի կառուցման ծրագրերի շուրջ. նախկինում ենթադրվում էր, որ այս ծրագիրը կփոխանցվի «Ռոսատոմ»-ին։
Միասին ավելի անվտանգ է
Վերջին մեկուկես տարվա զարգացումները տարածաշրջանում նպաստեցին Թուրքիայի վերադասավորմանը: Ասադի անկումը 2024 թվականի վերջին եւ Դամասկոսում նոր կառավարության ձեւավորումը, որը սերտորեն կապված է Անկարայի հետ, զրկեցին Ռուսաստանին 2015-ից ի վեր ունեցած ազդեցությունից Սիրիայում, եւ Էրդողանին այլեւս անհրաժեշտ չէր Պուտինի հավանությունը՝ իր քաղաքականությանը աջակցություն ապահովելու համար:
Քաղաքական փոփոխությունը Սիրիայում հանգեցրեց ԱՄՆ-ի ռազմական ուժերի դուրսբերմանը՝ վերացնելով ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածության երկարատեւ աղբյուրը: Այս բարենպաստ դիվանագիտական միջավայրը օգնեց Թուրքիային ամրապնդել այն գործընկերությունները, որոնց վրա վաղուց ի վեր հենված էր իր ռազմական եւ պաշտպանական արդյունաբերությունը: Ներքին պաշտպանական արտադրության համար անհրաժեշտ են ամերիկյան պահեստամասեր, իսկ գնումները ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, օրինակ՝ անցյալ տարի մի քանի տասնյակ Eurofighter Typhoon ինքնաթիռները, կենտրոնական դեր են խաղում Թուրքիայի ռազմական արդիականացման ծրագրում:
Անկարան ցանկանում է նաեւ Եվրոպայի հետ միասին պաշտպանական արդյունաբերություն կառուցել եւ այդպիսով օգտվել ֆինանսավորման նոր հնարավորություններից: Թուրքիան, ըստ էության, որոշել է կրկին միանալ ՆԱՏՕ-ին: Եվ պարզորոշ արտահայտել է այդ մտադրությունը. 2025-ի դեկտեմբերին, տարիներ շարունակ պնդելուց հետո, որ գնելու է S-400-ների երկրորդ խմբաքանակը, Էրդողանը խնդրեց Պուտինին հետ վերցնել հակահրթիռային պաշտպանության համակարգը։
ՆԱՏՕ-ի արձագանքը Իրանի դեմ ԱՄՆ-ի գլխավորած պատերազմին, որը սկսվեց փետրվարի 28-ին, ապացուցեց, որ Անկարան ճիշտ ընտրություն է կատարել։ Երբ մի քանի իրանական հրթիռներ հայտնվեցին Թուրքիայի օդային տարածքում, դրանք չեզոքացրեցին արեւելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի հետ կապված պաշտպանական համակարգերը։ Հետագայում դաշինքը ամրապնդեց Թուրքիայի օդային եւ հրթիռային պաշտպանությունը, այդ թվում՝ տեղակայելով Patriot մարտկոցներ երկրի հարավ-արեւելքում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի բալիստիկ հրթիռային վահանին աջակցող ռադարային համակարգը։ S-400-ները մնացին անգործության մատնված։
Անկարան ավելի ու ավելի հաճախ է դիմում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որպեսզի նրանց օգնեն փակել պատերազմի արդյունքում բացահայտված պաշտպանական բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է միջին հեռահարության բալիստիկ հրթիռներին, թեւավոր հրթիռներին եւ համակարգված հագեցվածության հարձակումներին դիմակայելուն։ Անկարան առաջ է մղել Ֆրանսիայի եւ Իտալիայի հետ SAMP/T հակահրթիռային պաշտպանության համակարգի ձեռքբերման եւ համատեղ արտադրության շուրջ սառեցված բանակցությունները: Գերմանիան հայտարարել է, որ հունիսի վերջին Թուրքիային կտրամադրի լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց եւ 150 զինծառայող: Թուրք պաշտոնյաները վերջերս բացահայտել են, որ ՆԱՏՕ-ն ծրագրել է Թուրքիայում բազմազգ կորպուս ստեղծել. Անկարան նպատակադրվել է նախագիծն ավարտել մինչեւ 2028 թվականը: Թուրքիան ընդլայնում է նաեւ իր ներգրավվածությունը սեւծովյան անվտանգության գործում՝ հունվարին Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ միասին մեկնարկելով ՆԱՏՕ-ի ականազերծման նախաձեռնությունը:
Վերադարձ իրականությանը
Թուրքիայի աճող համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ակնհայտորեն անհանգստացրել է Մոսկվային: Չնայած բազմաթիվ հրավերներին՝ Պուտինը 2020 թվականից ի վեր չի այցելել Թուրքիա: Վերջին տարիներին թուրքական թիրախները ենթարկվել են ռուսական հարվածների Ուկրաինայում եւ Սեւ ծովում: Ռուսական ուժերը 2023-ին Սեւ ծովում նախազգուշական կրակոցներ են արձակել թուրքական բեռնատար նավի վրա: 2025-ին Ռուսաստանը Ուկրաինայի Օդեսա նավահանգստային քաղաքում հարվածել է թուրքական դրոշի ներքո նավարկող հեղուկացված բնական գազի տանկերին եւ Կիեւի մոտ գտնվող Bayraktar ԱԹՍ-ների կայանին: Չնայած Թուրքիան շարունակում է ներկայանալ որպես միջնորդ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, Անկարան հիասթափվել է Ռուսաստանի անզիջում պահանջներից եւ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ բարձր մակարդակի բանակցություններին չմասնակցելուց: Բավականին նշանակալից է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումներին։
Չնայած Թուրքիան հեռանում է Ռուսաստանից եւ մերձենում է ՆԱՏՕ-ի հետ, դա չի նշանակում, որ Անկարան այլեւս ռազմավարական ինքնավարության չի ձգտում: Թուրքիան դեռեւս ցանկանում է առավելագույնի հասցնել իր գործողությունների ազատությունը եւ պահպանել մրցակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների, Չինաստանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանային տերությունների հետ միաժամանակ համագործակցելու հնարավորությունը: Սակայն Անկարան այժմ հասկանում է, որ ավելի ուժեղ դիրքում է արտերկրում իր շահերի տեսանկյունից, երբ համագործակցում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը կենտրոնական դեր ունի տարածաշրջանում ուժը ցուցադրելու եւ հակամարտությունների արդյունքի վրա ազդելու առումով, եւ Անկարան կշարունակի մեծ ներդրումներ կատարել ներքին կարողությունները զարգացնելու գործում: Սակայն այդ կարողությունների զարգացումը դեռեւս կախված է ամերիկյան եւ եվրոպական տեխնոլոգիաներից, բաղադրիչներից, ֆինանսավորումից եւ պաշտպանական գործընկերությունից:
Թուրքիայի տնտեսությունն ու անվտանգությունը մնում են ամուր կապված Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հետ: Էրդողանը փորձում էր այլընտրանք գտնել՝ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ կառուցելով, սակայն Թուրքիան վերադարձել է իրականությանը։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: