ՀՔԱՎ-ը գնահատել է ԶՈՒ բարեփոխումներին ուղղված ՀՀ կառավարության 2021 – 2026 թթ. գործողությունները

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսված՝ զինված ուժերի բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը, որը կազմվել է լրատվական միջոցների մշտադիտարկման և պաշտոնական տեղեկությունների հիման վրա:

«Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը, որն անվտանգության և արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնում է պաշտպանության ոլորտին և մասնավորապես զինված ուժերի բարեփոխումներին։

Տեղեկանքում գնահատել ենք ՀՀ կառավարության 2021-2026 թթ հնգամյա ծրագրով սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ իրականացված քայլերը, վեր է հանել առկա խնդիրներն ու ներկայացրել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ։

2021 թվականից մինչ օրս Կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունքների վերաբերյալ Կազմակերպության կողմից արդեն իսկ հրապարակվել է 6 տեղեկանք։

Հաշվի առնելով, որ Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրն ավարտվում է 2026 թվականին՝ այս տեղեկանքում ներկայացվում են զինված ուժերի բարեփոխումների, վերակառուցման և արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքի և արդյունքների համալիր և ամբողջական դիտարկման արդյունքները։ Մասնավորապես, գնահատվում է ՀՀ կառավարության համապատասխան մարմիններիմ այդ թվում նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության իրականացրած գործողությունների համապատասխանությունը Ծրագրով ամրագրված նպատակներին և առաջնահերթություններին։

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տեղեկանքում ներկայացված են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի Պաշտպանության ոլորտի հետևյալ գործողությունների ընթացքի ուսումնասիրության արդյունքները․

1. Զինծառայության ժամկետների էական փոփոխություն՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, աստիճանաբար անցում պրոֆեսիոնալ բանակի:

2. Զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգի արդյունավետության բարձրացում, պաշտպանության ոլորտի համապետական խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների իրականացում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայում, նոր ռազմական դոկտրինի մշակում, միասնական ավտոմատացված կառավարման համակարգի ներդրում:

3. Արդյունավետության բարձրացում զինված ուժերի կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավման միջոցով:

4. Սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում:

5. Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում:

6. Ռազմական կրթության և գիտության զարգացում:

7. Տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության ոլորտի բարեփոխումներ:

8. Զինված ուժերի բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացում:

9. Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացում, զինծառայության գրավչության բարձրացման և զինծառայողի հեղինակության մեխանիզմների կատարելագործում, զինծառայողների բնակարանային ապահովության ուղղությամբ ծրագրերի իրականացում, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական նոր ծրագրեր:

10. Զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության, զինված ուժերի կարգապահության խթանման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

11. Ռազմավարական նշանակության օբյեկտների ու ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում:

Հույս ունենք, որ Կառավարության նոր ծրագրի մշակման և իրականացման ընթացքում մեր ներկայացրած առաջարկություններն ու նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն՝ նպաստելով ոլորտի խնդիրների հասցեական լուծմանը»,- ասվում է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a comment