Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանը կշարունակի աջակցել Լիբանանին, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Աստծո կամքով, այս բանակցությունների ընթացքում վերջնականապես լուծվի Լիբանանի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության լիարժեք վերականգնման հարցը։ Մինչև այս նպատակին հասնելը, մենք կշարունակենք աջակցել Լիբանանին»,- նշել է նա։

Ղալիբաֆն արձագանքել է այն քննադատություններին, որոնք հնչել էին Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) եթերում՝ կապված Շվեյցարիայում անցկացված բանակցություններին իրանական պատվիրակության մասնակցության հետ։

«IRIB-ի լավ հաղորդումներից մեկում տեսա, թե ինչպես էին ասում, որ ավելի լավ կլիներ փակել Մեհրաբադի օդանավակայանը, որպեսզի բանակցային խումբը չկարողանար մեկնել Շվեյցարիա։ Այդ ինձ համար թանկ մարդկանց ուզում եմ ասել՝ եթե մենք չգնայինք Շվեյցարիա, ապա յուրաքանչյուր հաջորդ վայրկյանին ավելի շատ արյուն կթափվեր Լիբանանի մուսուլմանների և շիաների շրջանում», — գրել է Ղալիբաֆը X սոցիալական հարթակում։

Նրա հայտարարությունը հնչել է Իրանում շարունակվող ներքաղաքական քննարկումների ֆոնին, որտեղ պահպանողական շրջանակների մի մասը քննադատում է բանակցային գործընթացներին մասնակցելու քաղաքականությունը՝ այն համարելով չափազանց զիջողական։ Ղալիբաֆը, սակայն, ընդգծել է, որ դիվանագիտական ջանքերը նպաստել են մարդկային կորուստների նվազեցմանը և լարվածության մեղմացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment