Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Հասարակություն

23.06.2026 | 09:39

Սյունիքի մարզի դատախազության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող 0,0402 հա մակերեսով հողամասը օրենքի խախտմամբ կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի։ Դատախազի միջնորդագրի հիման վրա 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է այդ հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։

«Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,0402 հա մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի:
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2011 թվականի ապրիլի 30-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0402 հա մակերեսով, 754 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment