Բաքվում ոչ թե նվազում են տարածքային և պատմական հավակնությունների մասին խոսակցությունները, այլ ընդհակառակը՝ դրանք ավելի են ինստիտուցիոնալացվում. «Փաստ»

Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ արդյո՞ք Ադրբեջանն իսկապես շարժվում է խաղաղության օրակարգով, թե՞ խաղաղության մասին խոսում է միայն որպես քաղաքական և դիվանագիտական գործիք՝ զուգահեռաբար առաջ տանելով բոլորովին այլ նպատակներ։

Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանության և իրական գործողությունների միջև առկա է բավականին հետաքրքիր հակասություն։ Մի կողմից՝ ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հարթակներում պարբերաբար հայտարարում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին, խոսում է տարածաշրջանում նոր համագործակցության հնարավորություններից, տնտեսական կապերի բացման և հաղորդակցությունների զարգացման հեռանկարներից, սակայն մյուս կողմից՝ միաժամանակ շարունակվում են հայտարարություններն ու քաղաքական նախաձեռնությունները, որոնք դժվար է համատեղել դասական խաղաղության տրամաբանության հետ։

Խաղաղության գաղափարը սովորաբար ենթադրում է, որ կողմերը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից և փորձում են ձևավորել համակեցության նոր կանոններ։ Սակայն ադրբեջանական պետական քաղաքականության մեջ վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» շինծու, արհեստական գաղափարը, որն արդեն վաղուց դուրս է եկել հասարակական կամ ակադեմիական քննարկումների շրջանակից և վերածվել պետական օրակարգի բաղադրիչի։

Հենց այստեղ է Հայաստանի համար ամենամեծ ռազմավարական վտանգներից մեկը։ Եթե հայկական քաղաքական դաշտում վերջին տարիներին աստիճանաբար նվազել են Արցախի հարցի վերաբերյալ նախկին ձևակերպումները, եթե Հայաստանի ղեկավարությունը փաստացի հայտարարում է, որ առաջնահերթությունը ներկայիս Հայաստանի Հանրապետության սահմաններում խաղաղության ապահովումն է, եթե նույնիսկ արցախահայության վերադարձի հարցը պաշտոնական մակարդակում հաճախ ներկայացվում է որպես ոչ իրատեսական նպատակ, ապա ադրբեջանական քաղաքական դաշտում տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Բաքվում ոչ թե նվազում են տարածքային և պատմական հավակնությունների մասին խոսակցությունները, այլ ընդհակառակը՝ դրանք ավելի են ինստիտուցիոնալացվում, ավելի մեծ պետական աջակցություն են ստանում և վերածվում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի։

Հատկանշական է, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Բաքվում ներկայացվում է ոչ թե որպես «պատմագիտական» կամ «մշակութաբանական» նախագիծ, այլ որպես քաղաքական հայեցակարգ։ Այդ հայեցակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների պատմական բնակության տարածք, իսկ Հայաստանի ներկայիս գոյությունը հաճախ նկարագրվում է այնպիսի ձևակերպումներով, որոնք փաստացի հարցականի տակ են դնում հայկական պետականության պատմական լեգիտիմությունը։ Երբ նման թեզերը հնչում են առանձին քաղաքական գործիչների կամ փորձագետների կողմից, կարելի է դրանք դիտարկել որպես քաղաքական քարոզչության դրսևորումներ։ Սակայն երբ դրանք ներկայացվում են պետական մակարդակով կազմակերպվող համաժողովներում, պաշտոնական փաստաթղթերում, պետականորեն ֆինանսավորվող կառույցների գործունեության մեջ, իրավիճակը ստանում է բոլորովին այլ նշանակություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանում ձևավորվում է գաղափարական հիմք ապագա քաղաքական պահանջների համար։ Ցանկացած տարածքային հավակնություն նախ ձևակերպվում է որպես «պատմական» կամ հումանիտար հարց, ապա ներկայացվում է որպես իրավունքների վերականգնման խնդիր, իսկ հետագայում կարող է վերածվել քաղաքական կամ դիվանագիտական պահանջի։

Այդ պատճառով էլ Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն կոնկրետ պահանջների առկայությունը, այլև այն գաղափարական միջավայրը, որը ստեղծվում է այդ պահանջների շուրջ։ Երբ մի կողմն անընդհատ նվազեցնում է իր քաղաքական նպատակները, իսկ մյուս կողմն ընդլայնում է իր օրակարգը, առաջանում է վտանգավոր իրավիճակ, որտեղ բանակցությունների վերջնակետը մշտապես տեղափոխվում է։ Այսինքն, ցանկացած զիջում չի դառնում վերջնական համաձայնության հիմք, այլ վերածվում է հաջորդ պահանջի մեկնարկային կետի։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment