Բրիս Ռոքֆոյը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման

Հունիսի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյի՝ ՀՀ Բարեկամության շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, որը կարևորեց Բրիս Ռոքֆոյի էական ավանդը վերջին տարիներին հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչի վերաբերյալ հռչակագիրը երկու երկրների ղեկավարները ստորագրել էին մայիսի 5-ին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։

Ելույթ ունեցավ նաև վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, որը շնորհակալություն հայտնեց այս բարձր պարգևի համար և վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման։

Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրիս Ռոքֆոյի ընտանիքի անդամները։

 

Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment