Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը, ըստ նախնական տվյալների, Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկման պատճառով։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Քննչական կոմիտեի տրանսպորտի արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությունից։
«Flightradar24» պորտալի տվյալներով՝ երկուշաբթի ավելի վաղ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել Դաղստանի երկնքում։ Որոշ ժամանակ անց «Պոբեդա» ավիաընկերությունը հայտնել էր Մախաչկալայում օդանավի բարեհաջող վայրէջքի մասին. մասնագետներն արդեն սկսել են ստուգել օդանավի տեխնիկական վիճակը։
«Նախնական տվյալներով՝ 2026 թվականի հունիսի 22-ին օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Պատճառը, ըստ նախնական վարկածի, հերմետիկության կորստի տվիչի սխալ գործարկումն է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,— նշված է քննչական վարչության հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաքննական ստուգում է նշանակվել, իրավապահները պարզում են պատահարի պատճառներն ու հանգամանքները։
Այս պահին ավիաընկերության մասնագետները գնահատում են օդանավի տեխնիկական վիճակը։ Մախաչկալայում «Պոբեդա»-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 186 մարդ. նրանց նախատեսվում է տեղափոխել այլ օդանավ և ուղարկել նշանակման վայր։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ավիաընկերությունից, ուղևորները Մոսկվա կմեկնեն պահուստային ինքնաթիռով։ «Պոբեդա»-ի մամուլի ծառայությունից փոխանցել են, որ թռիչքը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։
Այժմ ուղևորները սահմանված կարգով անցնում են անձնագրային ստուգում և ստանում իրենց ուղեբեռը։
News.am