Վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը. ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից

Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Տարիքի հետ մարդու օրգանիզմում, այդ թվում՝ հիշողության համակարգում, որոշակի փոփոխություններն օրինաչափ են: Սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ դեմենցիան ծերացման բնականոն ընթացք չէ: Այն գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների համախումբ է, որն էականորեն խաթարում է մարդու կենսագործունեությունը:

Հիվանդության վաղ հայտնաբերման համար կարևոր է ճանաչել տարիքային սովորական փոփոխությունների և դեմենցիայի ախտանշանների հիմնական տարբերությունները.
Տարիքային բնականոն փոփոխություններ
🔹Մարդը երբեմն կարող է մոռանալ, թե ուր է դրել կենցաղային իրերը (օրինակ՝ բանալիները):
🔹Դժվարանում է անմիջապես մտաբերել որևէ բառ, սակայն հիշում է այն որոշ ժամանակ անց:
🔹Կարող է մոռանալ հեռու ծանոթի անունը կամ վերջին շրջանի աննշան դեպքերը:
🔹Այս փոփոխությունները չեն խաթարում մարդու ինքնուրույնությունը և առօրյա կյանքը:
Դեմենցիայի հնարավոր ախտանշաններ
🔹Հիշողության զգալի կորուստ՝ մտերիմների անունները կամ սեփական կյանքի կարևոր, անցյալի հուշերը մոռանալը:
🔹Խոսքի խանգարումներ՝ սովորական առարկաներն անվանելու համար անսովոր կամ սխալ բառերի օգտագործում:
🔹Կողմնորոշման կորուստ՝ նույնիսկ ծանոթ թաղամասերում կամ վայրերում մոլորվելը:
🔹Տեսողական և տարածական ընկալման խնդիրներ՝ առարկաների ճանաչման կամ հեռավորության գնահատման բարդություններ:
🔹Կենցաղային անկարողություն՝ տարրական գործողությունները (օրինակ՝ խանութում դրամական հաշվարկներ կատարելը) ինքնուրույն ավարտին հասցնելու դժվարությունը:

💡 Ինչո՞ւ է սա կարևոր իմանալ
Հիվանդության սկզբնական փուլում ախտանիշները կարող են լինել թույլ արտահայտված՝ դրսևորվելով որպես թեթև ճանաչողական խանգարում։ Այս պատճառով, անձն ինքը հաճախ կարող է չգիտակցել կատարվող փոփոխությունները, և շրջապատի ու հարազատների ուշադրությունն ու արձագանքն այստեղ վճռորոշ դեր ունեն:

🩺 Վաղ և ճշգրիտ ախտորոշումը հնարավորություն է տալիս դանդաղեցնել հիվանդության առաջընթացը, մեղմել ախտանիշները և ժամանակին պլանավորել անհրաժեշտ խնամքն ու բժշկական աջակցությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment