Անհիմն մեղադրանք է, որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի Գևորգ Խամոյանը. կով և հավ բաժանելու գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իմ եղբայրը որևէ քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել. Մինչև բարեգործության արգելքն էլ զբաղվել է բարեգործությամբ։ Այս մասին, այսօր՝ հունիսի 22–ին, լրագրողների հետ զրույցում նշեց կալանավորված Գևորգ Խամոյանի եղբայրը՝ Համբարձում Մկրտչյանը՝ անդրադառնալով քրեական վարույթին, որով «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Խամոյանը մեղադրվում է այլ անձանց հետ ընտրական շրջանում ընտրողներին կովեր, հավեր և այլ կենդանիներ նվիրելու մեջ՝ խախտելով բարեգործության արգելքը։ Նա այժմ կալանավորված է։

«Արդեն 5 տարի է, պատերազմից հետո ձևավորվեց «Հայեր միացեք» խոմբը՝ բարերաների գլխավորությամբ։ Բարերարների մեծ մասը Հայաստանից դուրս են ապրում, դրա համար էլ այստեղ աշխատանքների համակարգողը եղել է Գևորգ Խամոյանը։ Մարդկանց նվիրել են ընտանի կենդանիներ, մարդիկ, որոնք մնալու տեղ չեն ունեցել, մնալու տեղ են տվել։ Հիմնականում այդ ամենը բաժանվել է արցախցիներին, որոնք տեղահանված են եղել։

Միգուցե բարեգործության արգելքից հետո էլ ինքը զբաղվել է դրանով, բայց ինքը որևէ քաղաքական ուժի հետ կապ չի ունեցել։ Պահ է եղել, որ ես էլ եմ մասնակցել այդ բարեգործություններին, իր հետ գնացել եմ։

Մեղադրանքն անհիմն է, որովհետև ինքը արդեն 5 տարի է, որ զբաղվում է դրանով։ Ես հիշում եմ, որ մի անգամ գնացել էինք Ապարանի գյուղերից մեկը, ժողովուրդը հարցրեց՝ որտեղի՞ց է այս օգնությունը, Գևորգն ասաց, որ սա ոչ մի քաղաքական ուժի հետ կապ չունի, բարերաներն են ստեղծել «Հայեր միացեք» խումբը, ես էլ ուղղակի միջնորդ անձ եմ։

Եթե չեմ սխալվում, արդեն 350-400 մարդու հասցրել էին օգնել, բայց դեռ շատ մարդիկ կան, որ օգնության կարիք ունեն»,–ասաց Մկրտչյանը։ Նա նշեց, որ ակնկալում է, որ եղբորը բաց կթողնեն, որովհետև բոլոր մեղադրանքներն անհիմն են։

Նշենք, որ «Միացեք հայեր» նախաձեռնությունը բարերար Ալեքսանդր Սարկիսյանի գլխավորությամբ աջակցություն է ցուցաբերել ոչ միայն առանձին ընտանիքների, այլև պետական և հանրային նշանակության կառույցների։ Նախաձեռնության միջոցով տարբեր ժամանակահատվածներում օգնություն է տրամադրվել Հայաստանի բանակին, զինված ուժերի ստորաբաժանումներին, պատերազմից տուժած ընտանիքներին, զոհված և վիրավորված զինծառայողների հարազատներին, ինչպես նաև բազմաթիվ սոցիալական ծրագրերի։

2023 թվականից նախաձեռնությունը սկսել է նոր ծրագիր՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված գյուղաբնակ ընտանիքներին։ Վերջիններիս տրամադրվել են կովեր, ոչխարներ, խոզեր, հավեր և այլ տնտեսավարելու միջոցներ:

Ծրագրի իրականացումը համակարգել է հենց Գևորգ Խամոյանը, որը նաև պարբերաբար տեսանյութերով հաշվետվություններ է ներկայացրել բարերարներին՝ ցույց տալով տրամադրված օգնությունն ու շահառուներին։

News.am

Leave a comment