Քաղաքականություն
22.06.2026 | 15:51
«Պոբեդա» ավիաընկերության Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի՝ Մախաչկալայում արտակարգ վայրէջքի պատճառը, նախնական տվյալներով, եղել է ապահերմետիկացման ցուցիչի սխալ գործարկումը։ ՌԴ Քննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային տրանսպորտային քննչական վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջադեպի վերաբերյալ նախաքննական ստուգում է սկսվել, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախնական պարզվել է, որ հունիսի 22-ին ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։ Արտակարգ վայրէջքի նախնական պատճառը ապահերմետիկացման ցուցիչի սխալ գործարկումն է։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան»,- ասվում է վարչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել վայրէջք կատարել։ Boeing ինքնաթիռը Գյումրիից մեկնել է Մոսկվայի ժամանակով 11:24-ին (Երևանի ժամանակով՝ 12։24-ին)։ Ընդամենը մեկ ժամ անց՝ Դաղստանի վրայով թռիչքի ժամանակ այն ազդանշան է տվել ընդհանուր արտակարգ իրավիճակի մասին և իջել 3000 մետր բարձրության վրա:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում։