Արաղչի. Նավթային պատժամիջոցները չեղարկվել են, Իրանի վերականգնման խոշոր ծրագիր է մեկնարկել

Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.

Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։ Միջնորդ երկրները՝ Կատարն ու Պակիստանը, համատեղ հայտարարությամբ հայտնել են, որ կողմերը սահմանել են 60-օրյա ճանապարհային քարտեզ՝ վերջնական գործարքին հասնելու համար:

📍Բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել հետևյալ պայմանավորվածությունները.

🔹Ստեղծել քաղաքական վերահսկողության մարմին և հատուկ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվելու են միջուկային ծրագրի, պատժամիջոցների չեղարկման ու վեճերի լուծման հարցերով:

🔹Ձևավորել ուղիղ կապի խողովակ՝ 60-օրյա անցումային շրջանում Հորմուզի նեղուցում միջադեպերից խուսափելու և առևտրային նավերի անվտանգ ու անվճար անցումն ապահովելու նպատակով։

🔹ԱՄՆ-ի, Իրանի և Լիբանանի մասնակցությամբ ստեղծել «ապաէսկալացիոն կենտրոն»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը հետևելու համար։

📍Բանակցությունների ավարտին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին նաև հայտարարել է, որ «նավթային պատժամիջոցները չեղարկվել են, արտերկրում գտնվող իրանական ակտիվների մի մասն ապասառեցվել է, և Իրանի համար վերականգնման ու զարգացման խոշոր ծրագիր է մեկնարկել»:

📍Բանակցությունները սկզբում ընթացել են քառակողմ ձևաչափով, սակայն Դոնալդ Թրամփի հրապարակային սպառնալիքներից հետո Թեհրանը հրաժարվել է ուղիղ հանդիպումներից, և քննարկումները շարունակվել են ուղերձների փոխանակմամբ: Տեխնիկական մակարդակով բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա ընթացքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment