Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան քննության գործով այսօր դատարանում հետազոտվեց նաև գործով տուժող, հրդեհված կացարանից ողջ մնացած զինծառայող Գարուշ Սարգսյանի զինվորական հագուստները։
Եթե սա պատկանում է Գարուշին, կան մկրատի հետքեր, ակնհայտ կտրվածք է, այրվածքի որևէ հետք որևէ ձևով առկա չէ։ Կտրվածքը առկա է թևի ու դիմացի հատվածին,- արձանագրեց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը։
Հիշեցնենք, որ այս գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի՝ այսօր դատարանում հետազոտված մուշտակի վրա էլ հրդեհի, այրվածքի որևէ հետք չկար։
Դատարանում հետազոտվեց նաև վառարանը, որից տարածվել էր հրդեհը։
Եղիշեն, որ ասում է՝ լցրել եմ, կրակը տվել է երեսիս, թող պարոն Նորիկյանը միջնորդի, գան փորձարկեն։ Եթե այստեղից բենզինը լցնես, իջնում է ներքև, չի կարող այստեղից կրակը տա երեսին, վառվի։ Թող գա, լցնի, տեսնենք՝ ինչպես է երեսին կրակը տալիս,- հետազոտման ժամանակ ասաց մահացած զինվորներից մեկի հայրը։
Նորիկյանն էլ արձանագրեց, որ վառարանի խողովակները բացվածքներ ունեն, դրանց չափսերն էլ հուշում են, որ քանակով պակաս են, ամբողջական չեն, առկա չեն արմունկները նաև։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: