Իրանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ իր հերթին նախազգուշացնելով Վաշինգտոնին։ Իրանի խորհրդարանի խոսնակ, բանակցություններում Իրանի պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ուշադրություն չի դարձնում ամերիկյան կողմի սպառնալիքներին։
«Արդյոք նրանք չե՞ն կարծում, որ եթե իրենց սպառնալիքներն ինչ-որ ազդեցություն ունենային, ապա չէին հասնի այսօրվա հուսահատությանը․․․ Նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում․ մեր զինված ուժերը պատրաստ են նրանց այլ կերպ պատասխանել»,- գրել է նա։
Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Իրանին նոր հարվածով, եթե Լիբանանի հարցում Իրանը չվերանայի իր քայլերը։
Դրանից հետո իրանական պատվիրակությունը լքել էր Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Իրանական կողմը հայտարարել էր, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ չեն դադարել ռազմական գործողությունները Լիբանանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում ՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը: Մինչ Շվեյցարիայում բանակցություններ էին ընթանում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում Իրանի հասցեին սպառնալիքներով գրառում է կատարել: Նա խոստացել է ավելի կոշտ հարված հասցնել, եթե Իրանը չդադարեցնի իր «պրոքսի ուժերի» գործողությունները Լիբանանում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Sputnik Արմենիա