«Մարդու ընտրական իրավունքը խլելով՝ չի ուժեղանալու քաղաքացի-պետություն կապը». Առավոտ

Քաղաքականություն

«Մարդու ընտրական իրավունքը խլելով՝ չի ուժեղանալու քաղաքացի-պետություն կապը». Առավոտ (տեսանյութ)

2018 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «թավշյա հեղափոխության» ֆինանսավորման մոտ կեսը փոխանցվել է Ռուսաստանից։ Նույնը նա կրկնել է մեկ տարի անց՝ ՌԲԿ-ին 2019-ի մայիսին տրված հարցազրույցում , թե հեղափոխության համար նվիրատվության մեծ մասը Ռուսաստանի հայերից էր։ Սակայն այն բանից հետո, երբ ռուսաստանցի հայերը, որոնք պահպանել են իրենց քաղաքացիությունը՝ 2026-ի հունիսին եկան Հայաստան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները շուտափույթ շրջանառության մեջ դրեցին նախագիծ, որով սահմանափակվում է այդ իրավունքը։

Ընդ որում՝ սա էլ այն պայմաններում, երբ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 13․390-ով ավելի քիչ է եղել, քան նախորդ տարվա նույն օրերին։ Ինչպես «Ֆակտորին» հայտնել էին ԱԱԾ-ից՝ 2025-ին Հայաստան է ժամանել 193․047 ՀՀ քաղաքացի, 2026-ի նույն օրերին՝ 179․657 ՀՀ քաղաքացի։ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով ՔՊ պատգամավորների շրջանառության մեջ դրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանում համապետական ընտրություններին և հանրաքվեներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն անձինք, որոնք ընտրություններին նախորդած մեկ տարվա ընթացքում 6 ամիս բնակվել են Հայաստանում՝ «Հայաքվե» միավորման վարչության անդամ Արամ Պետրոսյանն ասաց, որ շատ վատ է վերաբերվում այս նախաձեռնությանը.

«Մեր ժողովրդի մի զգալի հատված արտագնա աշխատանքի է գնում արտասահման, ու խոսքը 5, 10, 20 հոգու մասին չէ՝ 100,000 քաղաքացիների մասին է։ Ասեմ, օրինակ, Շիրակի մարզի արական սեռի գործունակ մեծ մասը գտնվում է Ռուսաստանում արտագնա աշխատանքում։ Հիմա ասում են՝ հանկարծ երեխուդ չպահես, հանկարծ կնոջդ չպահես, մորդ չպահես, կմնաս, որ գնաս ընտրությունների… Ուրեմն, եթե քաղաքացին գտնում է, որ այստեղի աշխատանքն իր համար բավարար չէ, ինքն իրացնում է իր սահմանադրական իրավունքը, ազատ տեղաշարժվելու իրավունքով գնում է, որտեղ ուզում է, աշխատում է։ Սահմանափակել պետք չէ. հակառակը, պետք է գտնել մեխանիզմներ։ Ինչ անել, որ ընտրություններին մասնակցողների թիվն ավելանա, օրինակ, ինչ-որ հարկային բոնուսներ տալ այդ մարդկանց, արտոնություններ տալ, ինչպես, օրինակ, Բելգիայում, շատ առաջատար երկրներում՝ կամ վարչական տույժ են տալիս, եթե չի մասնակցում, կամ որոշակի արտոնություններից զրկում են։ Դու պետք է ամեն ինչ անես, որ ոչ թե Երևանի քաղաքապետի ընտրությունների պես, Երևանի ընտրելու իրավունք ունեցողներից 9% քվե ստացած մարդը դառնա քաղաքի ղեկավարը, այլ հակառակը՝ պետք է ամեն ինչ անես, որ մասնակցությունն առավելագույնս լինի, որպեսզի արտացոլի քո ժողովրդի կամքը»։

Leave a comment