Սահմանադրական դատարանը հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը:
Այս մասին հայտնում են դատարանից։
«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև այլ պահանջներ։
Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։
«Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Սահմանադրական դատարան է դիմել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաև Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։
Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերը քննվում են բանավոր ընթացակարգով, իսկ ՍԴ-ն պարտավոր է վերջնական որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։