Բագրատ սրբազանն այսօր երկարատեւ ընդմիջումից հետո Մայր Աթոռում մասնակցել է Սուրբ պատարագին:
«Հաղորդություն ստացա շատ երկար ժամանակից հետո,Սուրբ պատարագին մասնակցեցի շատ երկար ժամանակից հետո Մայր տաճարում: Կալանավայրում պատարագ մատուցում էին մինչեւ մարտ ամիս, հոգեւոր հովիվը՝ մեր Տեր Զենոնը գալիս էր»,- լրագրողներին ասաց Բագրատ սրբազանը:
Նրա խոսքով. «Ինձ համար հոգեւոր ընկալման առումով կարեւոր ժամ ու օր է այսօրը: Մայր Աթոռը ինձ համար առաջինը վերականգնվելու, ինքնաճանաչողության ու ինքնաքննության վայր է: Հենց զգացողության մասին հարց եք տալիս, հուզվում եմ, իմ հոգեւոր ծննդավայրն է: Այս խորանից եմ ծնվել, ամեն քայալփոխն այստեղ իմ ու իմ հոգեւոր եղբայրների ոչ միայն ոտնահետքերը, այլեւ քրտինքի վայրն է: Մեկ տարվա բացակայությունը ֆիզիկական շատ երկար ժամանակ է թվացել»:
Լրագրողի հարցին՝ երբեւէ կպատկերացնեիք, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցների հետ կգաք պատարագի, Բագրատ սրբազանը պատասխանեց. «Թիկնապահներն են, մեր անվտանգությունն են ապահովում, շատ շնորհակալ ենք, որ ապահովում են մեր անվտանգությունն ու մեզ ուղեկցում են:
Միշտ լայն սրտով եմ եղել, հիմա էլ ուրախ եմ, որ ի վերջո այս հնարավորությունն ունեցա Մայր տաճարում գտնվելու, Վեհափառի օրհնությունը ստանալու, այսքան սեր ստանալու ու այսքան ժողովրդի տեսնելու:
Այսքան սերը, նվիրումը, ակնկալիքը չի կարող ջուր դառնալ, եթե ջուր դառնա, միայն ոռոգելու համար անդաստանները, սրտերը ոռոգելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: