ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունում իրականացվող բազմադրվագ քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք, որպես «խաբեության թիրախ» ընտրված քաղաքացիների մոտ վճռականություն առաջացնելու և հավատ ներշնչելու նպատակով, հիմնականում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց տվյալներով և բազմապիսի հեռախոսահամարներով «WhatsApp»-ում ստեղծում են կեղծ օգտահաշիվներ:
Այնուհետև, հանցավոր կազմակերպության անդամները կեղծ օգտահաշիվներով հաղորդագրություններ ուղարկելով և հեռախոսազանգեր կատարելով՝ խաբեությամբ ներկայանում են իբր ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ, մտացածին պատրվակներով մոլորության մեջ գցում են մարդկանց՝ պահանջելով վարկ վերցնել կամ կանխիկացնել ՀՀ տարբեր բանկերի իրենց հաշիվներում առկա գումարները և իբր դրանց անվտանգ պահպանությունը ապահովելու համար՝ ուղղորդում են QR կոդի մուտքագրման եղանակով, կրիպտոդրամապանակի օգտագործմամբ կամ այլ երկրներում բացված հաշվեհամարներին կատարել ուղիղ փոխանցումներ՝ այդ կերպ խարդախությամբ տիրանալով տասնյակ քաղաքացիների խոշոր և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներին:
Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն և նմանատիպ հաղորդագրություններ կամ հեռախոսազանգեր ստանալու դեպքում այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին՝ զերծ մնալով «խաբեության թիրախ» դառնալուց:
ՀՀ քննչական կոմիտե
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: