«ՍԴ կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունն անհնար է». «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմեց սահմանադրական դատարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքն առավոտյան է մուտքագրել հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը ՍԴ-ում վիճարկելու դիմումը։

Լրագրողների հետ զրույցում դաշինքի պատգամավորի թեկնածու, իրավաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ այն 84 էջ է, ծավալուն դիմում է։

«Մենք գտնում ենք, որ այս ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչեն։ Հիմքը ԿԸՀ որոշումն է»,- ասաց նա։

Եթե ՍԴ-ն անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, երկու տարբերակ ունի՝ պետք է ընտրությունների երկրորդ փուլ նշանակի կամ մանդատների վերաբաշխման կարգ սահմանի։

«Որևէ իրավական փաստ ընտրակաշառքի վերաբերյալ ես չեմ տեսել ոչ ընդդիմադիր որևէ ուժի, ոչ էլ «Ուժեղ Հայաստանի» մասով»,- նաև ասաց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ Սամվել Կարապետյանն էլ էր օրերս խոսել այդ մասին։

«ՍԴ կազմում կան դատավորներ, որոնց մասնակցությունն անհնար է քննությանը»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ նման միջնորդություն կներկայացվի։ Թե որ դատավորների մասին է խոսքը, չմանրամասնեց։ Ընդհանուր առմամբ, ՍԴ-ի նկատմամբ վստահության խնդիր Արամ Վարդևանյանը տեսնում է։

Դիմումի հիմքերին շատ չանդրադարձավ, քանի որ դատավարությունը բաց է լինելու, և ամեն ինչ այդ ժամանակ պարզ կդառնա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment