Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին՝ այն դիտարկելով որպես կանխարգելման օրակարգի անբաժանելի մաս։
Նշվեց, որ ատելության խոսքը, հատկապես երբ այն ուղղված է էթնիկ և կրոնական խմբերի դեմ, շարունակում է նպաստել խտրականությանն ու բռնությանը՝ միաժամանակ ստեղծելով պայմաններ, որոնք խթանում են այլատյացությունը և որոշ ծայրահեղ դեպքերում նույնիսկ զանգվածային ոճրագործությունների իրականացումը:
Դեսպան Հովհաննիսյանն շեշտեց օրենքի գերակայության և արդարադատության հասանելիության կարևորությունը՝ ատելության խոսքի, ապատեղեկատվության, ինչպես նաև անհատների և խմբերի թիրախավորման դեմ պայքարում՝ միաժամանակ պահպանելով խոսքի ազատության պաշտպանության և ատելության տարածման կանխարգելման միջև հավասարակշռությունը։
Նա նաև ընդգծեց կրթության դերը հանդուրժողականության խթանման և ատելության խոսքի դեմ պայքարի գործում՝ հիշատակելով Հայաստանի նախաձեռնությամբ և սույն ամսվա սկզբին կոնսենսուսով ընդունված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նպատակ ունի լիարժեքորեն իրացնել կրթության փոխակերպող ներուժը՝ խաղաղության, ոչ բռնության և ներառական հասարակությունների առաջմղման համար։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: