«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ չնայած բարդ իրավիճակին՝ փոփոխություններ լինելու են:
«Ժողովուրդ ջան, տեսաք, թե ինչ տեղի ունեցավ հունիսի 7-ի գիշերը։ Գիշերվա ժամին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ձայների հաշվարկների հրապարակումը։ Իսկ դրանից առաջ, երբ հաշվարկված էր ընդամենը տեղամասերի 10%-ը, եթե չեմ սխալվում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին՝ ինքնահռչակվեց։
Բնական հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող էր նա այդքան վստահ լինել արդյունքների վրա, երբ ձայների մեծ մասը՝ 90%-ը, դեռ հաշվարկված չէր։ Կասկածելի է, չէ՞։ Ու հիմա եկեք ինքներս մեզ մի անկեղծ հարց տանք՝ եթե չլինեին վարչական ճնշումները, պետական ռեսուրսի չարաշահումը, բռնաճնշումները և նախընտրական շրջանում պետական բյուջեի հաշվին բաժանվող նվերները, որոնք շատերի կողմից ընկալվեցին որպես ընտրակաշառք, այո՛, արդյո՞ք այս իշխանությունը կստանար նույն արդյունքը։ Ես վստահ եմ ու համոզված եմ, որ ոչ։
Ժողովուրդ ջան, բայց մեր առջև կանգնած խնդիրը շատ ավելի մեծ է, քան ընտրությունների արդյունքները։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ապագայի մասին է. այն ապագայի մասին, թե արդյոք Հայաստանը շարունակելո՞ւ է շարժվել իր ազգային շահերով, թե՞ այն ուղղվածությամբ, որը մեզ թելադրվում է Բաքվից։ Մեր պայքարը այն կործանարար մեխանիզմի դեմ է, որն աշխատեցնում է այս իշխանությանը, ու որի նպատակն է ծնկի բերել հայ մարդուն ու ոչնչացնել աշխարհի առաջին քրիստոնեական պետությունը։
Այո՛, փոփոխություններ անպայման լինելու են, և այդ փոփոխություններն ինքն իրեն չեն գալու։ Այն սկսվելու է յուրաքանչյուրիս մասնակցությունից, հավատից, վճռականությունից ու պատասխանատվությունից»,-նշել է նա:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: