Դիվանագիտական սկանդալ . Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկում է այցը ԱՄՆ Թրամփի խոսքերից հետո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին չեղարկել է ԱՄՆ այցը՝ Դոնալդ Թրամփի՝ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հասցեին հնչեցրած անհարգալից մեկնաբանություններից հետո։

«Նախագահ Թրամփի վիրավորական արտահայտությունները վարչապետ Մելոնիի հասցեին վիրավորանք են ողջ Իտալիային։ Այդ պատճառով որոշել եմ չեղարկել հունիսի 21-22-ին նախատեսված իմ այցը Միացյալ Նահանգներ»,- նրա խոսքերը մեջբերում են իտալական լրատվամիջոցները։

Մելոնին նույնպես խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։

«Որոշ բաներ պահանջում են անհապաղ արձագանք։ Դոնալդ Թրամփի հայտարարությունները բացարձակ հորինվածք են»,- ասել է նա։

«Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ նախագահն այս կերպ վերաբերվում իր դաշնակիցներին։ Սա առաջին դեպքը չէ։ Ցավալի է, որ նա շատ ավելի զուսպ է Արևմուտքի և ԱՄՆ-ի հակառակորդների նկատմամբ։ Նման դեպքերում նա զգալիորեն ավելի ներողամիտ է։ Եվ պետք է հիշել՝ ո՛չ ես, ո՛չ էլ Իտալիան երբևէ որևէ մեկից որևէ բան չենք խնդրել»,- հավելել է Իտալիայի վարչապետը։

Ավելի վաղ Թրամփը, իտալական La7 հեռուստաալիքին տված հարցազրույցում, պնդել էր, թե Մելոնին Ֆրանսիայում վերջերս կայացած G7 գագաթնաժողովի ընթացքում համառորեն խնդրել է իր հետ լուսանկարվել։ «Նա խնդրեց լուսանկարվել ինձ հետ։ Ես պարզապես ընդառաջեցի նրան»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Հնարավոր է՝ նա շատ գոհ էր, որ ես համաձայնեցի խոսել նրա հետ։ Ես պարտավոր չէի դա անել»,- հավելել է Թրամփը։

Այնուհետև ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ նրանց էներգետիկ և միգրացիոն քաղաքականության համար։

Leave a comment