Հակակոռուպցիոն դատարանն այսօր արձանագրեց՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօր նշանակված դատական նիստին ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու դատարանի որոշումը ոստիկանության աշխատակիցները ըստ պատշաճի չեն կատարել:
«Ոստիկանության գործողություններին այս պահին դատարանը չի անդրադառնա, ընդամենը արձանագրում է , որ պատշաճ կարգով չի իրականացվել որոշմամբ սահմանված պահանջները»,- արձանագրեց նիստը նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը (լուսանկարում)՝ նշելով, որ ոստիկանության աշխատակիցները միայն Վահագնի թաղամասում գտնվող Օհանյանի տուն են այցելել ու արձանագրել, որ տանը չէ:
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատարան էր ներկայացրել բժշկական փաստաթուղթ, որով հաստատվում էր, որ Օհանյանը ստացիոնար բուժում է անցնում ու ֆիզիկապես չի կարող ներկա լինել դատական նիստին: Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանի բացակայությունը համարել հարգելի: Դատավարական մյուս մասնակից՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էլ գրավոր տեղեկացրել էր, որ գործուղման է, նրա բացակայությունն էլ համարվեց հարգելի:
Դատավարական մեկ այլ մասնակից՝ ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն էլ դժգոհեց, որ անիմաստ եկել, հասել են դատարան. «Ինչո՞ւ մյուս շաբաթ օրինակ նիստ չենք նշանակում, եկեք ավելի առարկայական անենք, երեք ամիս է՝ տեղյակ ենք, որ Արմեն Գեւորգյանը չի ներկայանալու, Յուրի Խաչատուրովը քաղաքից դուրս է գնալու, մենք էլ ենք ծանրաբեռնված աշխատում, մենք էլ մեծ ծանրաբեռնվածություն ունենք, պետական բյուջեի միջոցներն են ափսոս, որովհետեւ թարգմանիչը ներկայացել է ոչինչ բանի համար: Բոլորս հավաքվել ենք այստեղ՝ իմանալով, թե ինչ է տեղի ունենալու: Ասենք թե ինչ-որ հանգամանքներով Սեյրան Օհանյանին հարկադրաբար բերման ենթարկեիք ու դուք էլ ձեր ձեռքի տակ ունենայիք նրա անաշխատունակության մասին փաստաթուղթ: Օհանյանը գա, ասեր՝ անաշխատունակ եմ, բերման են ենթարկել, մի հատ էլ նոր գործ պետք է հարուցեինք խոշտանգման դրվագով»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 3-ին 10:00-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: