Իսրայելական իշխանությունները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հրապարակային տարաձայնությունները կարող են վերածվել ոչ միայն քաղաքական, այլև գործնական հետևանքների։ Այս մասին հայտնում է Maariv պարբերականը։
Ըստ հրապարակման՝ Իսրայելում չեն բացառում, որ Վաշինգտոնը կարող է դիմել կոնկրետ քայլերի, այդ թվում՝ զենքի մատակարարումների ուշացման, ռազմական աջակցության սահմանափակման կամ նույնիսկ սպառազինության մատակարարման էմբարգոյի կիրառման։
Միաժամանակ, իսրայելական կողմը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի ճնշումը կուժեղանա՝ ուղղված Լիբանանի հարավից և Սիրիայի Հերմոն լեռնաշղթայի շրջանում տեղակայված զորքերի դուրսբերմանը։
Փորձագետների գնահատմամբ՝ Թել Ավիվի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջացած լարվածությունը կարող է ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային անվտանգության, այնպես էլ Իսրայելի ռազմավարական ծրագրերի վրա։