Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեճից հետո կալանավորված և բանտում հացադուլ հայտարարելուց հետո կալանքից ազատ արձակված արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը դատի է տվել Փաշինյանին։

 

«Հարգելի հայրենակիցներ, մայիսի 18-ին ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանի կողմից իմ նկատմամբ հնչեցրած զրպատության և կեղծ տեղեկություններ տարածելու պատճառով արժանապատվությունս պաշտպանելու համար դիմել էի ծայրահեղ միջոցի՝ հացադուլի, քանի որ անազատության մեջ այլ տարբերակ չեմ ունեցել, բայց հաշվի առնելով, որ դատախազությունը փոխել է խափանման միջոցը, ես շարունակում եմ պայքարը այլ ճանապարհով, և այսօր հայցադիմում եմ ներկայացրել ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարան զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն և նրան ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին։ Նշեմ, որ իմ դեմ նախաձեռնած քրեական վարույթը դեռ ընթացքի մեջ է»,- գրել է Օսիպյանը։

 

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և հարցեր ուղղել Արցախի կարգավիճակի, բանակցային գործընթացի, ինչպես նաև Արցախի նախկին իշխանություններին Հայաստանի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ։

 

Իրավիճակը զրույցի ընթացքում սրվել էր, Փաշինյանն Օսիպյանին կոշտ բառապաշարով հորդորել էր հեռանալ։ Վերջինս մեղադրվում է բռնության կոչի, քարոզարշավին խոչընդոտելու և խուլիգանության մեջ։ 

 

Մայիսի 21-ին Օսիպյանին կալանավորել էին, որից հետո նա հացադուլ էր հայտարարել։ Մայիսի 29-ին արցախցի գործիչը վարչապետից պահանջել էր ներողություն խնդրել իրենից և այն արցախցիներից, որոնք, նրա խոսքով, չեն խուսափել պատերազմից և ստիպված էին Արցախը լքել։ Հունիսի 10-ին դատախազությունը որոշում էր կայացրել վերացնել Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։ 

 

Leave a comment