ՆԱՏՕ-ի նպատակն է ՀՀ-ին հեռացնել իր ավանդական դաշնակցից. ՌԴ ԱԳՆ-ն` «Eagle Partner»-ի մասին

ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակել Հայաստանին իր ավանդական դաշնակից Ռուսաստանից հեռացնելու քաղաքականությունը։ ՀՀ–ում անցկացվող զորավարժությունն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է «Արծիվ գործընկեր-2026» («Eagle Partner») զորավարժությունը, որին մասնակցում են ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

Զախարովան նշել է` հատկապես մտահոգիչ է այն, որ Հայաստանի տարածքում նման ծրագրերի անցկացումը համակարգային բնույթ է ստանում։

«ՆԱՏՕ-ի երկրների հետ նման համատեղ վարժանքները բացի ափսոսանքից այլ բան չեն առաջացնում։ Առանձնակի մտահոգություն է առաջացնում այն, որ Հայաստանի տարածքում այս մարզումային ծրագրերի իրականացումը բառացիորեն համակարգային բնույթ է ստանում. դրանք անցկացվում են ամեն տարի՝ սկսած2023 թվականից»,-հայտարարել է Զախարովան։

Նրա խոսքով` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նման վարժանքների ժամանակ հենց Ռուսաստանն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշեց` այս ձևակերպումն առկա է դոկտրինալ փաստաթղթերում։

«Այսինքն՝ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան նույնիսկ պատկերացնել հնարավոր չէր, իսկ հիմա դա տեղավորվում է Հայաստանի ղեկավարության այն հայտարարությունների համատեքստում, թե Երևանը Մոսկվայի դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ Արևմուտքում որսում են այս ազդակները, հետևություններ անում և սկսում Երևանին ներքաշել Ռուսաստանի հետ դիմակայության մեջ»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունները արևմտյան երկրներին թույլ են տալիս նաև ռազմական շինարարության և կառավարման սեփական չափանիշները ներդնել և դրա միջոցով լրացուցիչ լծակներ ձեռք բերել Հայաստանի ու նրա քաղաքականության վրա ազդելու համար։

Նա նշել է, որ անվտանգության արևմտյան «հովանոցի» վրա հույս դնելը միամտություն է, և դա անվանել է պատրանք։ Զախարովան ընդգծել է, որ նման վարժանքները կարող են խաթարել Երևանի և Մոսկվայի միջև այս ոլորտում համագործակցության հեռանկարները։ Նման զորախաղեր ծրագրելիս կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների՝ նրանց հարևանների արձագանքը։

Դատելով մասնակիցների կազմից՝ արևմտյան մայրաքաղաքներին հաճոյանալու մոլուցքի մեջ Երևանում որոշել են մեծ նշանակություն չտալ այս հարցերին, ինչպես նաև այն փաստին, որ սա ոչ մի օգուտ չի բերի Հարավային Կովկասի կայունացմանը, այլ կստեղծի նոր աշխարհաքաղաքական բաժանարար գծեր ու սպառնալիքներ։

Sputnik Արմենիա

Leave a comment