Մենք չպետք է թույլ տայինք, որ Հայաստանը դարձնեին հակառուսական կենտրոն։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը։ Ես չեմ հավատում, որ նա եվրոպական ինչ–որ արժեքների մեջ է տեղավորվում, սակայն տեսնելով Ռուսաստանի ու եվրոպական երկրների միջև ստեղծված իրավիճակը` կարողացավ եվրոպացիներին վաճառել հակառուսականությունը, իսկ ամերիկացիների համար էլ բացեց Սյունիքի դարպասները»,– ընդգծեց Կարապետյանը։
Ըստ նրա` Ռուսաստանը մինչ այս մեզ նայում էր որպես դաշնակից պետություն ու համբերությամբ նայում էր մեր արած հակառուսական փոքր քայլերին, սակայն այսպես շարունակել չի կարելի։
Կարապետյանը նշեց, որ լսելով ադրբեջանցիների հայտարարությունները՝ կարելի է համոզվել, որ ՀՀ իշխանությունները միջանցք են տրամադրել Ադրբեջանին, բայց քանի որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ նախագահի ներկայությամբ, Բաքուն նախընտրում է չօգտագործել միջանցք բառը։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Երևանում անցկացվեց Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որի արդյունքում ընդունվեց Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիր։ Մինչ այդ` մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու խոստումը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքականությունը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը: Զախարովայի խոսքով՝ նման սցենարը Հայաստանի համար կունենա քաղաքական և տնտեսական հետևանքներ։
Sputnik Արմենիա